Զենքի ուժով պարտադրանքն ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում. Արա Աբրահամյանը «Սասնա ծռերի» մասին

14:14 • 21.07.16

Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության նախագահ, «Ազգային միասնություն» շարժում առաջնորդ Արա Աբրահամյանը հանդես է եկել հայտարարությամբ Երևանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Ներկայացնում ենք այն ամբողջությամբ.

«Երևանում զինված խմբի կողմից կատարված հարձակումը չի կարող խոր մտահոգություն չառաջացնել հասարակության լայն շերտերի մեջ: Մենք ցավով ընդունեցինք ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի ողբերգական մահվան լուրը և ցավակցություն ենք հայտնում զոհվածի ընտանիքին, հարազատներին, մարտական ընկերներին: Անընդունելի է հայը հայի դեմ երևույթը:

Որքան էլ խմբի անդամները համոզված լինեն իրենց գործողությունների ճշմարտացիության մեջ, զենքի ուժով պարտադրանքն ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում:

Ստեղծված իրավիճակում, հաշվի առնելով պետության և ազգի շահերը, դիմում ենք իշխանություններին, իրավապահ մարմիններին շարունակել պահպանել խոհեմությունը և, բացառելով հնարավոր արյունահեղությունը, գնալ հանգուցալուծման, օգտագործելով միայն խաղաղ միջոցներ:

Գտնում ենք, որ հասարակությունը պահանջ ունի երկխոսելու երկրի բարձրագույն ղեկավարության հետ ներքին և արտաքին քաղաքականության իրենց հուզող խնդիրների մասին, այդ թվում, նաև Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացին վերաբերող պարզաբանումների մասին:

Ընդդիմության և հասարակության հետ երկխոսության մեխանիզմի ձևավորումը կփոխի մթնոլորտը երկրում, ինչը կբացառի հիմնախնդիրների լուծումը փողոցում, այն էլ ուժի կիրառման սպառնալիքով»:

 

 

 

 

 

 

Զենքի ուժով պարտադրանքն ընդունված չէ քաղաքակիրթ աշխարհում. Արա Աբրահամյանը «Սասնա ծռերի» մասին