Պետք է բացառել բռնության ցանկացած դեպք. ՄԻՊ-ն այցելել է «Էրեբունի» ԲԿ (տեսանյութ)

16:48 • 21.07.16

Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն,որտեղ այս պահի դրությամբ բուժում է ստանում վեց անձ։ Արման Թաթոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտվանից այցելում է քաղաքացիներին, որպեսզի տիրապետի իրավիճակին:

«Առավոտվանից իրականացվում են այցելություններ,այժմ էլ գալիս եմ Ոստիկանության Նոր Նորքի բաժնից։ Գիշերը,երբ ստացել ենք առաջին ահազանգերը, տարածել ենք հաղորդագրություն, որտեղ նշել ենք, որ պետք է բացառել բռնության ցանկացած դեպք։ Այստեղ եմ բուժում ստացող ոստիկաններին և քաղաքացիներին տեսակցելու համար։ ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները ևս զբաղվում են,նրանք ոստիկանության այլ բաժիններ են այցելել։ Հիվանդանոցներում,իհարկե, ցուցաբերվում է բժշկական օգնություն, բայց ես ինքս պետք է անմիջականորեն այցելեմ և հասկանամ իրավիճակը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան  «Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել ոստիկանության հետ բախումներից տուժած 20 անձ, որոնցից 16-ը ոստիկան, 4-ը`քաղաքացիական  անձ: Ըստ նրա`հիվանդները տեղափոխվել են տարբեր բաժանմունքներ, նրանք ունեցել են միջին և թեթև աստիճանի վնասվածքներ և ստացել ու ստանում են համապատասխան բուժում: 

Նշենք նաև, որ գիշերվա ընթացքում Խորենացի, Տիգրան Մեծ, Նար-Դոս փողոցներից բերման է ենթարկվել 136 անձ։ Երևանում զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել, 16 անձ ձերբակալվել է։

Նշենք, որ հիմնականում քաղաքացիները բերման են ենթարկվել Երևանի Խորենացու փողոցից, որտեղ գտնվող Ոստիկանության պարեկապահակային գունդն արդեն 5-րդ օրն է, ինչ գրավել են «Սասնա ծռեր» խմբավորման զինված անդամները, որոնք պահանջում են ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։