Գրավեցինք հենց ոստիկանության ՊՊԾ գունդը, քանի, որ այն պատժիչ գործիք էր իշխանության ձեռքին ժողովրդի դեմ. Պավլիկ Մանուկյան
Այսօր ոստիկանության գրավված ՊՊԾ գնդում Tert.am-ը հարց ուղղեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանին, թե ինչու իրենք գրավեցին հենց ոստիկանության ՊՊԾ գունդը, պատասխանեց՝ ասելով, որ այն պատժիչ գործիք էր իշխանության ձեռքին ժողովրդի դեմ:
«Թե ինչպիսի ցոփ ու շվայտ կյանքով են ապրել էստեղ… Եթե հայ զինվորը դրա մեկ տասներորդով ապահովված լիներ, մենք այդպիսի խայտառակ տեսարան չէինք ունենա»,- ասաց նախկին ազատամարտիկը:
Լրագրողների դիտարկմանը, թե իշխանությունն անդրդվելի է իրենց պահանջների հանդեպ, Մանուկյանը հակադարձեց. «Ժամանակը ցույց կտա, մենք ենք անդրդվելի, թե իշխանությունը»:
Իսկ հարցին արդյոք չի ափսոսում, որ իր տղային վերցրել է իր հետ նման վտանգավոր գործողության ժամանակ, ասաց. « Եթե ես տղայիս էստեղ չբերեի, տղայիս անարգած կլինեի: Ես ամեն ինչ կարող եմ ձեզ հետ կիսվել, նույնիսկ շորերս, փողերս, փող չունեմ իհարկե հիմա, բայց փառքս ու պատիվ չեմ ուզում կիսել։ Հայրենիքի զոհասեղանից թանկ ոչ մի բան ես աշխարհում չեմ տեսել»,- ի պատասխան ասաց Մանուկյանը:
Նրա խոսքերով՝ իրենց իշխանություն պետք չէ: «Ինձ ազատությունն է պետք: Ինձ պետք է իմ սեփական ժողովրդին այս թշվառ վիճակից դուրս հանելը, և ես՝ որպես նրա զինվոր, չէի կարող լռել: Արդեն վերջն էր: 25 տարի խաբել են սեփական ժողովրդին, մենք թույլ չենք տալու խաբել ժողովրդին: Ժողովուրդը պետք է կողմնորոշվի : Քաղաքական ուժերը մեռած են»,- ասաց «Սասնա ծռերի» անդամը:
«Մենք կմեռնենք, բայց առանց հաղթանակի ստեղից դուրս չենք գա: Մենք մի պահանջ ունենք՝ իշխանափոխություն: Մենք ցանկանում ենք ՝ անարյուն լինի»,- հայտարարեց Մանուկյանը՝ շարունակելով. «Մի հատ սխալ քայլ կանեն, ես ձեզ վստահեցնում եմ՝ երկրորդ պատժիչ գործողությունը կլինի»:










