Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններն անխուսափելիորեն կփչանան, եթե ԱՄՆ-ն հրաժարվի արտահանձնել Գյուլենին. Թուրքիայի ԱԳՆ

22:04 • 28.07.16

Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններն անխուսափելիորեն կփչանան, եթե ԱՄՆ-ն հրաժարվի արտահանձնել քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենին, ով մեղադրվում է երկրում հեղաշրջման փորձը ղեկավարելու մեջ, գրում է РИА Новости-ն:

 

«Եթե ԱՄՆ-ն չարտահանձնի Գյուլենին, մեր հարաբերություններն անխուսափելիորեն կփչանան»,- հայտարարել է նախարարը CNN Turk հեռուստաալիքի եթերում:


Ինչպես ավելի վաղ հայտնել է Tert.am-ը, լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա էր դուրս եկել, լսվել էին կրակոցներ և պայթյուններ: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ հեղաշրջման փորձը տապալվել է և ամբողջությամբ կճնշվի: Զոհերի թիվը հասել է 290-ի, վիրավորվել է ավելի քան 2 հազար մարդ, կալանավորվել է ավելի քան 15 հազար մարդ:


Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի մեջ ներգրավվածության համար մեղադրել են Գյուլենին և պահանջել են ԱՄՆ-ին արտահանձնել նրան: Ինքը՝ Գյուլենը, այդ ժամանակ դատապարտել է ապստամբությունը և հայտարարել է, որ ինքը ներգրավված չէ դրա մեջ: