Իրանում հեծանիվ վարելու համար մի խումբ կանանց են ձերբակալել
Իրանում մի խումբ կանանց ձերբակալել են հեծանիվ վարելու համար: Ինչպես տեղեկացնում է Lenta.ru -ն, այս մասին հայտնել է Իրանի ընդդիմադիր Ընդդիմության ազգային խորհուրդը:
Կազմակերպության կայքում նշվում է, որ կանայք հուլիսի 26-ին փորձել են մասնակցել հեծանվավազքի. երկրի քաղաքացիներին առաջարկվել է հաղթահարել մոտ 5 կմ Մարիվան քաղաքի կենտրոնից մինչև Զարիվար լիճը: Սակայն նրանց են մոտեցել ոստիկաններ և ասել, որ, համաձայն կառավարական նոր որոշման, կանանց համար հանրության առաջ հեծանիվ վարելն այժմ օրենքից դուրս է, փոխանցում է Лента-ն:
Իրավախախտներից պահանջել են դիմում ստորագրել, որ իրենք չեն կրկնի իրենց հակաիրավական վարքը հետագայում: Նրանցից մի քանիսին, ընդդիմադիրների խոսքով, տարել են ոստիկանական բաժանմունք` չափազանց ակտիվ ընդդիմանալու համար:










