Սարի թաղից բազմաթիվ ցուցարարներ են բերման ենթարկվել, կան տուժածներ, այդ թվում լրագրողներ (թարմացվում է)
02:24
«Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով նախնական տվյալներով շտապ օգնության մեքենաներով մայրաքաղաքի 5 բժշկական հաստատություն են տեղափոխվել կամ դիմել տարբեր վնասվածքներով 60 տուժած։
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այս պահին գտնվող 42 տուժածից մասնագետները ծանր են գնահատում 2-ի վիճակը։ Նրանցից մեկի աչքն է վիրահատվում, մյուսի մոտ այրվածքներ են։ Քննարկվում է նրա տեղափոխման հարցը մասնագիտական կենտրոն։ Ծանր է գնահատվում նաև «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 12 տուժածներից մեկի վիճակը։ Այստեղ գտնվող տուժած 5 ոստիկանից 1-ին` որովայնի հրազենային վնասվածքով, այս պահին վիրահատում են։
Մնացած տուժածների վիճակը բավարար է։
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող մանկահասակ երեխաներ հոսպիտալացնելուն, ապա հայտնում ենք, որ Երևանի որևէ հիվանդանոց, ինչպես նաև «Շտապբուժօգնությունը» այդ փաստը չհաստատեց»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը
01:01
«ՊՊԾ գնդի անվտանգության գոտին ճեղքել փորձող անձանց դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել: Տեղի է ունեցել բախում, ինչի հետևանքով, ցավոք, տուժել են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ըստ նախնական տվյալների՝ կա վնասված տեխնիկա:
Լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ կապված բոլոր միջադեպերն անհապաղ քննության կառնվեն, կպարզվեն հանգամանքները, ինչի մասին լրացուցիչ կհայտնվի»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
00:30
Քիչ առաջ Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած «Սասնա ծռերին» սատարող ցույցը ոստիկանության կողմից ցրելու արդյունքում, ըստ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանի, նախնական տվյալներով շտապօգնության մեքենաներով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել տարբեր վնասվածքներ ստացած 20, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց 1, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն 1 և «Էրեբունի» բժշկական կենտրոն 7 տուժած:
Բժշկական հաստատությունները շարունակում են ցուցաբերել անհրաժեշտ բուժօգնություն բոլոր դիմողներին:
Նշենք, որ Սարի թաղի ցույցը ցրելու ժամանակ ծեծի են ենթարկվել ու վիրավորվել մի շարք լրագրողներ, քաղաքացիներ, ինչպես նաև ոստիկաններ: Գրանցվել է նաև հրդեհի դեպք:
23։56
Սարի թաղում իրադարձությունները լուսաբանելու ժամանակ քաղաքացիական հագուստով անձանց կողմից ծեծի են ենթարկվել «Արմենիա» հեռուստաընկերության ԺԱՄԸ լրատվականի թղթակից Աղվան Ասոյանը և օպերատոր Ալբերտ Գալստյանը: Անհայտ անձինք խլել են նաև տեսախցիկն ու միկրոֆոնը և կոտրել:
Ծեծի են ենթարկվել Նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն ԱՍլանյանև և Հովհաննես Մովսիսյանը։
Քիչ առաջ Սարի թաղում վիրավորվել են «Առաջին լրատվական»-ի ուղիղ եթերում աշխատող թիմի լրագրողուհի Մարիամ Գրիգորյանն ու օպերատոր Դավիթ Հարությունյանը. տեղեկացնում է «Առաջին լրատվական»-ը։ Սարի թաղում ոստիկանության և հասարակության բախումները լուսաբանելիս պայթուցիկի պայթյունից ոտքի թաթի վիրավորում է ստացել «Առաջին լրատվական»-ի լրագրող Մարիամ Գրիգորյանը: Դավիթ Հարությունյանին ոստիկանները դաժան ծեծի են ենթարկել, ջարդել նրա տեսախցիկը, նա պայթուցիկի պայթյունից ստացել է ոտքի վնասվածք:![]()
---------------------------------------------------
23։29
«Որոշ անձինք ապատեղեկատվություն են տարածում, թե ՊՊԾ գնդի տարածքում գործողություն է կատարվում:
ՊՊԾ գնդի տարածքում այս պահին որևէ գործողություն չի կատարվում: Իրականում մի խումբ անձինք փորձել են խախտել ոստիկանության կողմից պահպանվող անվտանգության գոտին և թափանցել գնդի տարածք: Ոստիկանությունը կիրառում է հատուկ միջոցներ: Քաղաքացիներին կոչ ենք անում զերծ մնալ հակաօրինական և սադրիչ գործողություններից»,- դարձյալ տեղեկացնում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
----------------------------------------------------
23։12
«Որոշ անձինք արդեն մի քանի ժամ անհեթեթ տեղեկություններ են տարածում, թե իբր արտերկրից դիպուկահարներ են կանչվել: Կոչ ենք անում նման մանկամիտ հայտարարություններով չգրգռել մարդկանց ու չշիկացնել մթնոլորտը»,- ֆեյսբուքյան իր էջում գրառել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
----------------------------------------------------
23։07
Մի քանի տասնյակ ցուցարարներ բերման ենթարկվեցին։ Հարակից փողոցներից՝ Նար-Դոս, Խորենացի, շարունակում են մարդկանց բերման ենթարկել։
-----------------------------------------------------
22։45
Ցուցարարների մի մասը հավաքվել էր Խորենացի փողոցում, մյուսը՝ Սարի թաղում։ Ոստիկաններին կարծես հաջողվեց ցրել Խորենացի փողոցում հավաքվածներին, այժմ ցրում են Սարի թաղում հավաքվածներին։
------------------------------------------------------
22։36
Հնչեցին կրակոցներ, ոստիկանները սկեցին հավաքվածներին բերման ենթարկել։
-------------------------------------------------------
22:36
Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը բանակցության ընթացքում դիմեց հավաքը նախաձեռնողներից Արմեն Մարտիրոսյանին և Լևոն Բարսեղյանին, նորից շեշտեց, թե հավաքն անօրինական է, հինգ րոպե ժամանակ տվեց, որ ժողովրդին հետ քաշեն, հավաքը դադարեցնեն: Արմեն Մարտիրոսյան ու Լևոն Բարսեղյանն ասացին, թե չեն դադարեցնի հավաքը, բայց ամեն ինչ կանեն, որ չլինեն բախումներ և սադրանքներ:
-----------------------------------------------------------
22։26
Խորենացի փողոցում «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը բանակցեց Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի հետ: Վերջինս հորդորում էր Արմեն Մարտիրոսյանին հեռանան և դադարեցնեն չարտոնված հավաքը: Այստեղ է նաև Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ևս Խորենացի փողոցում է:
Քաղաքացիների հետ բանակցեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հավաքվածները նրանցից հետաքրքրվեցին, թե ինչ է կատարվում, ինչ կրակոցներ են լսվում: Նա պատասխանեց, թե տեղյակ չէ:
------------------------------------------------------------
22:17
Խորենացի փողոցում քաղաքացիներից մեկն իրեն վատ զգաց և կորցրեց գիտակցությունը: Ոստիկանությունը զգուշացրեց, որ հավաքն անօրինական է և պետք է դադարեցվի:
--------------------------------------------------------------
21:52
Քայլերթի մասնակիցները Նար-Դոսից անակնակալ թեքվեցին Սարի թաղ։
---------------------------------------------------------------
21։00
Քայլերթը մի պահ կանգ առավ, մասնակից քաղաքացիներից մեկը դիմեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որ միանա ժողովրդին: Փոխոստիկանապետն էլ պատասխանեց, որ ինքը միշտ էլ ժողովրդի կողքին է եղել: Այս պահին երթը շարունակվում է:
-----------------------------------------------------------------
20։52
«Ազատության» հրապարակում հավաքվածները «Ես Սասնա ծուռ եմ» վանկարկումներով սկսել են իրենց երթը:

------------------------------------------------------------------
20։47
Ելույթներով հանդես եկան Եղիշե Պետրոսյանը, Անդրեաս Ղուկասյանը և հավաքվածներին առաջարկեցին քայլերթով շարժվել Խորենացի փողոց:
------------------------------------------------------------------
20։40
Հակաճգնաժամային կենտրոնի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ ելույթ ունեցավ նաև Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը: Նա ասաց, որ ապօրինի իշխանությունը պետք է փոխարինվի օրինական իշխանությամբ: «Մեզ զավթիչ իշխանություններ պետք չեն:
«Քաղբանտարկյալներ» չպիտի լինեն և հող չպիտի զիջեն: Այս հասարակ բաներն են մեզ պետք»,- հայտարարեց Լևոն Բարսեղյանը:
------------------------------------------------------------------------------------
«Ազատության» հրապարակում սկսվեց հակաճգնաժամային կենտրոնի անդամների մամուլի ասուլիսը : Ելույթ ունեցավ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ ինքը տեղեկություն ունի, որ «Սասնա ծռեր» խմբավորման վրա կրակել են ռուս դիպուկահարներ: Ասաց, թող այդ մասին պարզաբանում ներկայացնեն իրավապահները:















