Զինյալ դիպուկահարի արձակած կրակոցից ՊՊԾ գնդի մոտակայքում ոստիկան է զոհվել
Քիչ առաջ ՊՊԾ գնդի տարածքից զինյալ դիպուկահարի կողմից կրակ է բացվել: Սպանվել է ՊՊԾ գնդից 350-400 մետր հեռավորության վրա, ավտոմեքենայի մեջ գտնվող ոստիկանության զորքերի ծառայող, 1986 թ. ծնված Յուրա Տեփանոսյանը, այս մասին տեղեակցնում է Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Ավելի ուշ Աշոտ Ահարոնյանը հրապարակել է զոհված ոստիկանի կենսագրական տվյալները։
Յուրի Տեփանոսյանը ծնվել է 1986 թվականին, Երևանում: 2003 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը, 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: ՀՀ ոստիկանության զորքերում ծառայում էր 2011 թվականից:
Ուներ երկու դուստր և մեկ որդի։
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ժամը 16-ի սահմաններում հանդես էր եկել հայտարարությամբ, որն, ըստ էության, վերջնագիր էր զինված խմբի անդամներին` զենքը վայր դնելու և առանց դիմադրության իշխանություններին հանձվելու համար` մինչև այսօր ժամը 17.00-ը:
Հակառակ դեպքում, իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումները լիազորված են առանց նախազգուշացման կրակ բացել և վնասազերծել ՊՊԾ գնդի տարածքում կամ դրանից դուրս գտնվող ցանկացած զինված անձի:
Հիշեցնենք, որ այդ ժամկետն արդեն սպառված է:













