«Ազատության» հրապարակում հանրահավաքը եզրափակվեց քայլերթով
«Ազատության» հրապարակում հանրահավաքը եզրափակվեց քայլերթով
21.55
Հավաքվածները որոշեցին պարզապես քայլերթ անցկացնել, քայլել Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով, Հանրապետության հրապարակով, հետո վերադառնալ «Ազատության» հրապարակ:
Նշենք, որ ի սկզբանե որոշված էր քայլերթով գնալ ԱԱԾ-ի շենքի մոտ, սակայն հավաքի կազմակերպիչները նշեցին՝ քանի որ ուշ ժամ է, և բոլոր պետական կառույցները փակ են, դեպի պետական կառույցներ քայլերթն հետաձգվում է:
21.45
«Ազատության» հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցավ նաև դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, ով նույնպես բարձրաձայնեց Պավլիկ Մանուկյանին և Արամ Մանուկյանին դատապարտյալների հիվանդանոցից Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխելու հարցը:
«Առանց փաստաբանների ոչ մի առողջապահության նախարարություն, ոչ մի ԱԱԾ, ոչ մի ՊՊԾ այդ հարցը չի լուծի: Արդեն փաստաբանները փորձում են օգնել»,- ասաց նա՝ նշելով, որ դրսի փաստաբանների հետ էլ է զրուցել և պարզել, որ դրսի ոչ մի փաստաբան չի կարող այս գործով Հայաստանում զբաղվել, դրանով պետք է զբաղվեն իրավապահները:
21.30
Հիմա քանի որ մենք չունենք առաջնորդ, բայց ունենք ժողովուրդ, որը հեռու է քաղաքական կեղտից, ինքը պետք է փորձի այս իրավիճակից դուրս գալը. «Ազատության» հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքական ակտիվիստ Անի Նավասարդյանը: Նա առաջարկեց «Ազատության» հրապարակում հավաքվածներին թղթերի վրա առաջարկներ գրել, թե ինչ քայլերի պետք է դիմեն, որպեսզի օգնեն «Սասնա ծռեր» խմբավորման ձերբակալված անդամներին:
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ պետք է նախ և առաջ Ալեք Ենիգոմշյանն ազատ արձակվի, ըստ նրա՝ մնացած հարցերը հետո կլուծվեն:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ նշեց, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամները, հանձնվելով, պատգամ փոխանցեցին ժողովրդին, որ շարունակեն իրենց պայքարը:
Ազատամարտիկ Գևորգ Մխիթարյանն էլ դիմեց բոլոր կուսակցություններին, մտավորականներին, որ «Սասնա ծռերի» անդամների առողջությունն ու դրա հետ կապված ամեն ինչը ապահովեն:
Քաղաքացիներից մեկն էլ դիմեց ոստիկանությանը. «Մաքրեք ձեր շարքերը լպրծուն ոստիկաններից»,- ասաց նա։
«Ազատության» հրապարակի հանրահավաքը եզրափակվեց երկու պահանջով՝ Պավլիկ Մանուկյանին և նրա որդուն՝ Արամ Մանուկյանին տեղափոխել հիվանդանոց և ձերբակալվածներին, որոնք դեռ չեն կալանավորվել, ազատ արձակել:
21.00
Հերիք է ծառայեք ջհուդներին. «Ազատության» հրապարակում հավաքված կանանցից մեկն այս խոսքերով դիմեց ռեժիսոր Տիգրան Խզմալյանին, երբ վերջինս ելույթ էր ունենում հրապարակում մեկնարկած հանրահավաքի ժամանակ:
«Տիկին, ես չեմ ծառայում ջհուդներին, մի սադրեք, գնացեք, ջուր խմեք»,- պատասխանեց տիկնոջը Խզմալյանը:
Տիգրան Խզմալյանը փորձեց շարունակել խոսքը, սակայն հավաքվածներից ոմանք աղմկում էին:
«Եթե մեկ վարձու հիստերիկը կարող է հարյուրին լռեցնել, ուրեմն ամոթ է մեզ»,- ասաց նա: Հետո նա շարունակեց իր ելույթը՝ նշելով, որ պետք է ստեղծվեն քաղաքական կառույցներ, որոնք կպաշտպանեն բոլորի քաղաքական շահերը. «Ահա այդ պատճառով են սկսվում քաղաքական կառույցները, ոչ թե կերակրատաշտից օգտվելու համար»:
Տիգրան Խզմալյանը նաև նշեց, որ մենք ամեն ինչ պետք է անել Ռուսաստանի ճիրաններից ազատվելու համար:
Որոշ քաղաքացիներ Խզմալյանի ելույթի ժամանակ բացականչեցին՝ «Խզմալյան, հեռացիր»: «Մենք ուզում ենք «Սասնա ծռերից» խոսել, պատմություն լսել չենք ուզում»: Հակառակ բղավոցների՝ ռեժիսորն ասաց. «Այստեղ պետք է սկսեն հասարակական քննարկումներ, պետք է լինի հայկական պետականություն»:
Հավաքվածներից ոմանք բացականչեցին. «Սուտ է, չենք ուզում»:
Խզմալյաննն էլ, դիմելով այդ մարդկանց, ասաց. «Դուք չեք ուզում պետականություն, որովհետև ստրուկ եք և սովոր եք ապրել ստրուկի պես»:
20.40
Քիչ առաջ «Ազատության» հրապարակում մեկնարկեց հանրահավաք:
Ելույթով հանդես եկավ ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա նշեց, որ «Ազատության» հրապարակը Օպերա չէ, այլ ազատության տուն, որպեսզի այստեղ մարդիկ հավաքվեն և որոշումներ կայացնեն:
«Մենք հիմա կուչ ենք եկել այս անձրևի տակ, սպասում ենք, թե ով ինչ կասի, բայց մենք որբ չենք, փոքր երեխա չենք, ժամանակն է մեծանանք, ժամանակն է որոշում կայացնենք»,- ասաց նա:
Նա, անդրադառնալով երեկ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման հանձնվելուն, ասաց. «Տղաները կարևորագույն մի բան արեցին. նրանք բարձրացրին ժողովրդին, կատարեցին մաքրազտում, բոլորը երևացին ինչպես արևային լույսի տակ։ Նրանք մեզ են հանձնել պայքարի, առանցքը, ուժը, պայքարի ոգին: Այդ պայքարը շատ բարդ է, որովհետև այդ պայքարի համար պետք է ոչ թե քայլել փողոցներով տարբեր կարգախոսներ ճչալով, այդ պայքարը շատ ավելի բարդ է, որովհետև այն պետք է մտնի մեր ամենօրյա կենցաղի, աշխարհայացքի մեջ. այդ պայքարն է ազատ լինելը»,- ասաց ռեժիսորը:










