Համ գիտակցություն չունի, համ գանգատվում է. Մերի Մարգարյանի մահվան գործով պաշտպանական կողմը հակասություններ է մատնանշում

12:31 • 02.08.16

Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր մեկնարկեց ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով երրորդ դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ:

Նախորդ դատական նիստին ցուցմունք էին տվել տուժողի իրավահաջորդ ճանաչված Վաղինակ Մարգարյանը՝ Մերի Մարգարյանի հայրը և վկայի կարգավիճակով Մերի Մարգարյանի ամուսինը՝ Արթուր Հարությունյանը:

Դատական նիստն ընդհատվել էր քրեական գործին կից փաստաթղթերի հետազոտման փուլում, ինչը շարունակվեց այս դատական նիստին: Դատարանը ներկայացրեց  ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանին վերաբերող փաստաթղթերի՝ անձնագրի, դիպլոմի պատճենները, ինքնակենսագրականը, սերտիֆիկատներն ու վկայականները:

Այնուհետև դատարանը ներկայացրեց Մերի Մարգարյանի բժշկական քարտը, իրականացված հետազոտություններն ու ախտորոշումները, որը ներկայացրել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնը:

Շուշանիկ Բախշյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դատարանում հայտարարեց, որ ներկայացված փաստաթղթերում հակասություններ կան. «Հարգելի դատարան, ներկայացված փաստաթղթերում մի տեղ ասվում է, որ գիտակից է, առույգ, մեկ այլ տեղ ասվում է անգիտակից: Փաստաթղթերի հակասություն կա, որովհետև ասվում է համ գիտակցություն չունի, համ գանգատվում է»:

Մերի Մարգարյանի իրավահաջորդի պաշտպան Թովմասյանը դատարանում դեմ արտահայտվեց փաստաթղթերի հակասության մասին հրապարակմանը՝ ասելով, որ ցուցմունքներ կան փաստաթղթերի վերաբերյալ. «Ես կհորդորեմ նման հայտարարությունից զերծ մնալ և նման հայտարարություններ անել ցուցմունքներ տալուց և հետազոտումից հետո»:

Դատավոր Բալայանն ասաց, որ Թովմասյանը չի կարող սահմանափակել պաշտպանական կողմի հայտարարությունները, իսկ հակասությունների վերաբերյալ պատասխանները կտա «Էրեբունի» ԲԿ-ի ներկայացուցիչը:

Հակասություն կար նաև Մերի Մարգարյանի ամուսնու կողմից ստորագրված փաստաթղթում: Դատարանը նկատեց, որ Արթուր Հարությունյանի կողմից ստորագրված փաստաթուղթը նա չի կարդացել. «Փաստաթղթում մի տեղ նշված է՝ համաձայն եմ, որ ներարկում արվի, մեկ այլ տեղ գրած է՝ համաձայն չեմ, որ ներարկում արվի, և ոչ մի տարբերակը չի ընդգծած»,- ասաց դատավորը, և հավելեց, որ հասկանում է, թե տվյալ պահին ինչու չի կարդացվել փաստաթուղթը:

Դատական նիստին փաստաթղթերի հետազոտումը շարունակվում է:

Հիշեցնենք, Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաև վերջինիս նորածին դուստրը:

«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին և նույն բժշկական կենտրոնի բժշկուհի Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն իրականացնողը, եթե թերանում է ու անզգուշությամբ հանգեցնում հիվանդի մահվան, պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով, իսկ պաշտոն զբաղեցնելու դեպքում` ազատում պաշտոնից` առավելագույնը 3 տարի ժամկետով): Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: