Ինքնահրկիզվողը հայտարարել էր, որ քաղաքական պատճառներով չի նման քայլ արել. նա թմրամոլ էր և ՁԻԱՀ-ով հիվանդ. բժիշկ

21:05 • 02.08.16

Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզված Քաջիկ Գրիգորյանը, ով մահացել է մի քանի ժամ առաջ, ասել էր, թե քաղաքական դրդապատճառներով չի ինքնահրկիզվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանցը:

«Նա ասել է, որ ինքնահրկիզումը բացարձակ քաղաքական բնույթ չի կրել, այլ որ տունն են ձեռքից առել և իր ընդհանուր իրավիճակից է նման բան արել: Նույնիսկ հարցին, թե Դուք հանրահավաքի ժամանակ եք նման բան արել, նա ասել է, թե ի՞նչ հանրահավաք»,-ասաց նա:

Նորայր Դավիդյանցը նշեց, որ Քաջիկ Գրիգորյանը «պրոֆեսիոնալ թմրամոլ է», օրենքով սահմանված կարգով ստացել է մորֆին և 10 տարի կալանավորված է եղել:

Հարցին, թե գիտակի՞ց է եղել, երբ այդ ամենը պատմել է, բժիշկը նշեց, որ որպես մասնագետ կարող է ասել, որ անկախ այրվածքի աստիճանից, մարդու գիտակցությունը երկար ժամանակ մնում է տեղը:

«Նա իր ոտքով է նստել մեքենա, եկել հիվանդանոց: Նույնիսկ մարդիկ հարցնում էին, թե եթե գիտակցությունը չի կորցրել, ինչո՞ւ է վիճակը ծանր, գիտակցություն տեղն է եղել»,-ասաց նա:

Իսկ հարցին, թե միայն ի՞ր հետ զրույցում է նշել, որ արարքը քաղաքական դրդապատճառներ չի ունեցել, Նորայր Դավիդյանցը պատասխանեց, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը երկու օր առաջ եղել է հիվանդանոցում, խնդրել է թույլտվություն նրա հետ խոսելու։ Պատգամավորն անձամբ հարցրել է, թե արարքը քաղաքական բնո՞ւյթ է կրել, ինքնահրկիզվողը ասել է՝ ոչ:

«Նա նշել է, որ դա արել է տան համար, կինն իրեն վռնդել է, տուն չունի, ապրելու տեղ չունի»,-ասաց բժիշկը:

Նորայր Դավիդյանցը նշեց նաև, որ Քաջիկ Գրիգորյանը ՁԻԱՀ-ով հիվանդ է եղել. «Այն մարդիկ, ովքեր իրեն առաջին օգնություն են ցուցաբերել, գուցե շփում են ունեցել իր վերքերի հետ, լավ կլինի՝ իրենք էլ դիմեն և անպայման ստուգվեն. դա գաղտնի է լինում և ոչ մի տեղ չի ֆիքսվում»։