«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին ծեծել են տան մուտքի մոտ՝ հոր ներկայությամբ

10:17 • 05.08.16

Երեկ գիշեր երեք անծանոթների կողմից դաժան ծեծի ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանի առողջական վիճակը նորմալ է, նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Քանի որ երիտասարդը քնած էր, Tert.am-ին մանրամասներ փոխանցեց տուժածի հայրը` Կարեն Աղլամազյանը:

Նա պատմեց, որ հարձակվողների դեմքերը թե՛ ինքը, թե՛ որդին տեսել են, բայց անծանոթներ են եղել:

«Քանի որ ինքը պետք է ուշ գար, ես ասացի՝ գնամ իրեն դիմավորեմ։ Մեքենայով իջավ, մոտեցանք մեր շենքին, եկան, խոսակցություն բացեցին աղջկա հետ կապված, յանի... Դե մի բանից պետք է սկսեին… ու միանգամից կպան… Ես մեկին էի քաշում էի, մյուսն էր խփում, հետո էն երկուսը… Ես էլ չգիտեի՝ ինչ անել»,-պատմեց հայրը:

Հիշեցնենք, որ գիշերը «Հիմնադիր խորհրդարանը» տեղեկացրել էր, որ օգոստոսի 4-ին աշխատավայրից որպես վկա Քննչական կոմիտե բերման ենթարկված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանն իրենց տան բակի դարպասների մոտ դարանակալած երեք տղամարդու կողմից հարձակման և դաժան ծեծի է ենթարկվել։

Հարություն Աղլամազյանը, ով երեկ տեղափոխվել էր Էրեբունի բժշկական կենտրոն, նույն գիշեր դուրս է գրվել հիվանդանոցից` այնտեղ մանրազնին հետազոտության ենթարկվելուց հետո. երիտասարդն անցել է մարմնի և գլխի ամբողջական համակարգչային տոմոգրաֆիա:

«Այնտեղ վիրաբույժը նայեց, «Կա-Տէ» արեցին, ասացին՝ ջարդած բաներ չկան… չնայած ինքը վատ էր զգում, ցավեր ուներ: Բայց հետո բժիշկներն ավելի մանրակրկիտ կնայեն»,-ասաց երիտասարդի հայրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Հարություն Աղլամազյանին ծեծել են տան մուտքի մոտ՝ հոր ներկայությամբ