ԼՂ հարցի վերաբերյալ Նախագահը երկու թեզ է առաջ քաշել, որոնց հիման վրա էլ կառուցված են հետագա քննարկումները. Հ. Սահակյան

20:55 • 06.08.16

Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է, իսկ երկու երկրների՝ Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը դիվանագիտական հարցերի քննարկումների համար դրական ազդեցություն կունենա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ անդրադառնալով օգոստոսի 10-ին Մոսկվայում կայանալիք ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:

«Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպումն ու նման ձևաչափով հանդիպումներ ունենալն ավելի դրական է, քան նմանատիպ հանդիպումներ չունենալը, հարցերը չքննարկելը, որը կարող է հանգեցնել պատերազմի»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հիմնահարցի հնարավոր քննարկմանը, Հովհաննես Սահակյանն ասաց, որ ղարաբաղյան հարցի վերաբերյալ հայկական կողմը բազմիցս նշել էի իր դիրքորոշումը, ինչի մասին բոլորովին վերջերս կրկին բարձրաձայնել է ՀՀ Նախագահը. «Մեր դիրքորոշման մասին մենք բազմիցս նշել ենք, այդ հարցի շուրջ նախագահական նստավայրում վերջերս կրկին խոսեց ՀՀ Նախագահը, ով առանձնացրեց երկու թեզ՝ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմի, և երկրորդը` միակողմանի զիջումներ չեն լինի: Հետևաբար, այդ երկու սկզբունքների հիման վրա էլ կառուցված են հետագա քննարկումներն ու դիրքորոշումները: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս երկու ձևաչափից բխեն արդյունքները»։

Սահակյանի խոսքով՝ մնացած քննարկումներում և դիվանագիտական հարցերում ևս Հայաստանի Հանրապետությունն ունի իր շահը, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի խնդիրները լուծվեն ի շահ Հայաստանի Հանրապետության:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Սերժ Սարգսյանը Նախագահի նստավայրում հանդիպում էր ունեցել հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, որտեղ պարեկապահակային գնդի շուրջ ստեղծված իրավիճակի թեմայից բացի անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը, մասնավորապես, զիջումներին՝ նշելով, որ միակողմանի զիջումներ չեն լինելու և Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: