Հուլիսի 15-ը թուրք ժողովրդի համար դարձավ 2-րդ ազգային-ազատագրական պատերազմը. Թուրքիայի վարչապետ

09:42 • 08.08.16

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը ելույթ է ունեցել Ստամբուլում հաջակցություն իշխանությունների և պետական հեղաշրջման չստացված փորձի հետևանքով զոհվածների հիշատակին նվիրված հանրահավաքին՝ նշելով, որ «հուլիսի 15-ը թուրք ժողովրդի համար դարձավ ազգային-ազատագրական 2-րդ պատերազմը», հայտնում է TRT Haber-ը։

 

Թուրք պաշտոնյայի խոսքով՝ «դա մանրէներից, ազգին խանգարող բոլոր տարրերից մաքրագործվելու օր էր»:

 

«Այս ժողովուրդն աշխարհում անփառունակ ապրելու փոխարեն նախընտրեց արժանապատիվ մեռնել», - ասել է Յըլդըրըմը՝ հավելելով, որ իրենք ոչնչացնելու են ազգի մեջ պառակտում մտցնող բոլոր սերմերը, որոնք ցանում են քուրդ անջատողականները:

 

Իր խոսքում վարչապետն ասել է, որ «պետական հեղաշրջման փորձի կազմակերպիչը բերվելու է Թուրքիա, որտեղ պատասխան է տալու իր դավաճանության համար»:

 

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ի ուշ երեկոյան Թուրքիայում տեղի է ունեցել պետական հեղաշրջման չստացված փորձ, որի հետևանքով զոհվել են տասնյակ մարդիկ: Տեղի ունեցածի համար իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամական քարոզիչ և ընդդիմադիր Ֆեթուլլահ Գյուլենին: