Ադրբեջանի տարածքում հայտնված 62-ամյա արարատցին հոգեկան խնդիրներ ունի. գյուղապետ

14:34 • 14.08.16

Շուրջ 6 օր անհետ կորած համարվող Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ, 62-ամյա Հենրիկ Աղեկյանը հոգեկան խնդիրներ ունի և նախկինում ևս օրերով կորել է տանից, անգամ փորձել հատել հայ-ադրբեջանական սահմանը:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Այգեպատի գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: 

«Առայժմ պաշտոնական որևէ ինֆորմացիա չունենք: Կասկածում ենք, որ նման է եղել մեր բնակչին: Իր մոտ փաստաթուղթ չի եղել: Երեկ առավոտյան այցելեցինք նրանց տուն, եղբայրը գնացել էր ոստիկանություն: Թոշակը գնացել, ստացել է, խանութ է գնացել ու հեռացել տանից: Նա առաջին անգամ չի, որ թողնում, գնում է: Մի քանի անգամ տանից գնացել է, 2-3 օր չի եկել, ման են եկել, չեն գտել, հետո հայտնվել է:  Մի անգամ էլ անցած աշնանը սահմանին սահմանապահներն էին տեսել, թույլ չէին տվել հատել սահմանը»,-ասաց գյուղապետը:

Գյուղապետի խոսքերով՝ իրենց գյուղը անգամ սահմանի եզրին չէ, մոտ 50 կմ հեռու է Նախիջևանի սահմանից:

«Աղեկյանը հիվանդության թոշակ է ստանում, հոգեկան խնդիրներ ունի: Նույնիսկ պահ է լինում, որ տան տեղը չի հիշում, հիշողության կորուստ է ունենում: Ընտանիք չունի, եղբայրն է տիրություն անում իրեն»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են Արարատի մարզի բնակչի` Նախիջևանի հատվածում սահմանը հատելու և ադրբեջանական կողմում հայտնվելու մասին: Իսկ Ադրբեջանի գերիների, անհայտ կորածների հարցերով հանձնաժողովը ևս հաստատել է լուրը:

ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն «Արմենպրես»-ին ասել է, որ Աղեկյանի հարազատներն արդեն դիմում են ներկայացրել, որ նա տնից գնացել է:

«Ճշտումներ են կատարվում, թե նա ինչ հանգամանքներում է անհետ կորել: Ադրբեջանական կողմում հայտնվելու մասին տեղեկատվության ստացումից հետո մենք անմիջապես սկսում ենք բանակցային պրոցեսը, պահանջում ենք, որ մեր քաղաքացուն վերադարձնեն: Հույս ունենք, որ դա տեղի կունենա ողջամիտ ժամկետներում: Չեմ կարծում, որ գործընթացը կձգձգվի, քանի որ հոգեկան խանգարումներ ունեցող անձանց Ադրբեջանը քաղաքական շահարկումների համար չի կարող օգտագործել: Նման մարդիկ հաշվետու չեն իրենց արածների համար, չեն էլ գիտակցում, թե որ ուղղությամբ են գնում: Ամեն դեպքում այն երկիրը, որտեղ հայտնվում է սահմանախախտը, կատարում է որոշակի ճշտումներ, որը կարող է տևել է 1-2 օրից մինչև մի քանի շաբաթ»,-ասել է Կապրիելյանը:

 

 

Ադրբեջանի տարածքում հայտնված 62-ամյա արարատցին հոգեկան խնդիրներ ունի. գյուղապետ