Բաքվում գտնվող ՌԴ պաշտպանության նախարարն իր ադրբեջանցի գործընկերոջ հետ կքննարկի ԼՂ հարցը

20:32 • 14.08.16

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարճ աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, որտեղ կմնա երկու օր, հայտնում է RIA Novosti-ն։ 

Բաքու այցի ընթացքում Շոյգուն բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքերով՝ «կողմերը կքննարկեն երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ակտուալ հարցերը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրները»։

Կոնաշենկովն ընդ որում հավելել է, որ կողմերը կարծիքներով կփոխանակվեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։

Նախատեսված է նաև Շոյգուի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։

Ավելի վաղ Ադրբեջան Ռուսաստանի պաշտպանության նախարարի նախատեսված այցի մասին հայտնել է ադրբեջանական ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։