Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը մնում է մռայլ. Ռիչարդ Կիրակոսյան
Ըստ Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի՝ օգոստոսի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած Սարգսյան-Պուտին հանդիպումը ոչ դրական տեղաշարժ բերեց իր հետ, ոչ էլ լուրջ զիջում պարտադրեց: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այժմ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարը մնում է մռայլ։
-Պարո՛ն Կիրակոսյան, նախորդ շաբաթ Մոսկվայում տեղի ունեցավ Սարգսյան-Պուտին հանդիպումը, որը նախորդել էր Ռուսաստանի նախագահի այցը Բաքու: Մինչ հանդիպումը կային բազմաթիվ քննարկումներ ու կանխատեսումներ, շատերը համոզված էին, որ Պուտինը Բաքվից Հայաստանի Նախագահին առաջարկներ է բերելու, սակայն հանդիպման ժամանակ, գոնե պաշտոնական հայտարարության մեջ ՌԴ նախագահն ասաց նույնը, ինչը որ Ադրբեջանում էր ասել՝ կողմերը պետք է համաձայնության գան, և արդյունքը պետք է լինի այն, որ չլինեն պարտվողներ և հաղթողներ: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ է առաջարկում Ռուսաստանը կողմերին. ըստ Ձեզ, ի՞նչ փաստաթուղթ և առաջարկներ են հիմա քննարկում կողմերը:
-Դիտարկելով Հայաստանի և Ռուսաստանի նախագահների միջև կայացած վերջին հանդիպումը՝ կարող ենք տեսնել, որ չնայած արված բազմաթիվ մեկնաբանություններին և կարծիքներին, չկա ո՛չ դրական տեղաշարժ, ո՛չ էլ լուրջ զիջում։
Հասկանալի է, որ ղարաբաղյան հակամարտության իրական մարտահրավերը բխում է «վերադարձ արմատներին» դիվանագիտությունից, ինչը կենտրոնացած է ոչ թե հիմնախնդիրը լուծելուն միտված խաղաղ բանակցությունների վրա, այլ ավելի սահմանափակված է հանդարտ իրավիճակին վերադառնալու, վերահսկողությունը վերահաստատելու և հրադադարի ռեժիմն արդյունավետ վերականգնելու դիվանագիտական ներգրավվածությամբ:
Հիմնական դիվանագիտությունը ներկայումս առաջնորդվում է Ռուսաստանի կողմից և ստանում հակամարտության բոլոր կողմերի վրա ունեցած Մոսկվայի ազդեցության աջակցությունը: Ուստի առնվազն մասամբ ունենալով ռուսական ազդեցություն՝ ռազմական գործողությունների դադարեցման դժվար պայմանագիրը հայտարարվել, ինչպես նաև ձեռք էր բերվել Մոսկվայում: Սակայն Ռուսաստանի միջնորդական դերը, որպես Հայաստանի Ադրբեջանի զենքի առաջնային մատակարար, չի կարող լինել հեշտ կամ անպատասխան:
Այնուամենայնիվ, դժվարությունները որոնք ծառանում են Մոսկվայի միջնորդական ջանքերի առջև, փոքր-ինչ զարմանալի են: Չնայած Արևմուտքի հետ առկա ավելի լայն առճակատմանը՝ թե՛ Միացյալ Նահանգները, և թե՛ Եվրամիությունը ողջունում և իրենց վճռական աջակցությունն են հայտնում ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ տարվող ռուսական դիվանագիտությանը: Որպես միջնորդ գործընկերներ՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները նույնպես հանդես են որպես համանախագահներ ԵԱՀԿ Մինսկի խմբում, որն ըստ էության ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու լիազորություն ունեցող միակ դիվանագիտական կառույցն է:
Ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանի համար մարտահրավերը բխում է ոչ թե Արևմուտքի ընդդիմությունից, այլ անհավանական ինչ-որ աղբյուրից, որն այս պարագայում նրա «ռազմավարական գործընկեր» Հայաստանն է: Ռուս-հայկական հարաբերությունների խոր և ընդլայնվող ճգնաժամի պայմաններում Մոսկվան ստիպված կլինի լինել ավելի ուշադիր առաջնորդողի իր դերում և ավելի նրբանկատ իր քայլերում: Երևանի համար Մոսկվայի հետ հարաբերություններում առկա ճգնաժամը պայմանավորված է խոր անբավարարվածությամբ, ինչի հիմքում ընկած են ոչ այնքան բուն հարաբերությունները, որքան «ռազմական գործընկերության» անհավասար պայմանները:
Շատ հայերի համար ճգնաժամը նշանավորվեց անհամաչափության պատճառով իր գագաթնակետին հասած վրդովմունքով և դաշինքի հանդեպ անհարգալից վերաբերմունքով և սրվեց Ռուսաստանի կողմից դավաճանության պատճառով, որի վաճառած զենքն Ադրբեջանն օգտագործեց Ղարաբաղի դեմ: Իր հերթին, պատերազմից մի քանի օր անց Հայաստան կատարած այցի ժամանակ վերահաստատելով Ադրբեջանին զենք վաճառելու Ռուսաստանի ծրագրերը՝ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը միայն ու միայն բորբոքեց լարվածությունը:
Իրադրությունն էլ ավելի սրվեց, երբ Մեդվեդևը շեշտեց փաստը, որ այն հետայսու ոչ թե զուտ ռուսական «բիզնես գործարք» է, այլ «Սառը պատերազմի» ժամանակաշրջանի ոճին հատուկ նոր ռուսական քաղաքականություն, որի նպատակն է ստանձնել «զսպիչ օղակի» դեր ՝ ձգտելով ռուսական զենքերի օգնությամբ կողմերի միջև ապահովել ուժերի հավասարակշռություն:
Դա նաև Հայաստանին դրդեց դիվանագիտական տեսանկյունից վտանգավոր քաղաքականության, ինչի դրսևորումն եղան երկու տարբեր ցույցերը: Դրանցից առաջինը Հայաստանի անկախության համար կազմակերպված ցույցն էր, երբ բարձրաստիճան հայ զինվորական պաշտոնյաների ուղարկեցին ՆԱՏՕ-ի հետ հանդիպման՝ նպատակ ունենալով Մոսկվային հիշեցնել, որ Երևանն ունի շատ ավելի այլընտրանքներ և ավելի մեծ հնարավորություններ, քան կարող է լինել Ռուսաստանի համար «վասալի» կամ «հայցող պետության» ինստիտուցիոնալիզացված կերպարը:
Սակայն Հայաստանի վտանգավոր դիվանագիտական քաղաքականության երկրորդ մասն էլ ավելի նորարար էր, քանզի դրանով սպառնալիք էր ներկայացվում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս քայլը հայտ էր ապահովելու ավելի մեծ լծակներ և գործադրելու դիվանագիտական ճնշում միջնորդների, ինչպես նաև՝ Ադրբեջանի վրա՝ հաշվի առնելով հատկապես, որ այդ ճանաչումը կարող էր անմիջապես և անդառնալիորեն փլուզել խաղաղ գործընթացը: Դրանով նպատակ էր դրվում նաև ճնշում գործադրել Մոսկվայի հանդեպ, որն ակնհայտորեն էլ ավելի էր հեռանում Երևանից՝ մերձենալով Բաքվի հետ:
Չնայած սկզբնախաղում զոհ տալու այս քայլի առերևույթ համարձակությանը, Ղարաբաղի անկախության ճանաչումը Հայաստանի համար մնում է խիստ անհավանական: Հիմք ընդունելով այն, որ դիվանագիտական լծակները հենվում են ճանաչման սպառնալիքի վրա և ազդեցություն կրելուն պես վերածվում են զուտ դիվանագիտական պատասխանատվության, հայկական կողմի քաղաքականությունը մնում է խելամիտ կերպով զգուշավոր: Եվ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունում առկա մի քանի սակարկային փշուրները և սահմանափակ ընտրության հնարավորությունները՝ պարզ է դառնում, որ ճանաչումը կլիներ ոչ այլ ինչ, քան քաղաքական պատասխան Ադրբեջանի կողմից հրահրվելիք նոր ագրեսիային:
Այնուամենայնիվ, Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հեռանկարը մնում է մռայլ, քանի որ զսպող մեխանիզմների բացակայության պայմաններում ոչ ոք և ոչ մի բան չի կարող Ադրբեջանին հետ պահել նոր ագրեսիայից: Սա նշանակում է նաև, որ Ղարաբաղի և Հայաստանի ուժերը միակ արդյունավետ միջոցն են, որով հնարավոր կլինի կանգնեցնել ռազմական գործողությունների վերսկսումը: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառելու ցանկացած քայլ ապացուցելի վնասներ կհասցնի արդեն իսկ լարված հայ-ռուսական հարաբերություններին:
- Եթե վերլուծենք Սերժ Սարգսյանի վերջին ելույթները՝ ի՞նչ եզրակացություններ կարող ենք անել. ի՞նչ դիրքորոշում ունի հայկական կողմը, արդյո՞ք այն ժամանակի ընթացքում փոփոխվել է:
-Վերջին շրջանում քիչ շատ առաջընթաց է նկատվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում, քանի որ կողմերն ուղղակի չափազանց շատ են եղել միմյանցից առանձնացած: Բացի միջազգային իրավունքի համապատասխան դրույթների (ինքնորոշման և տարածքային ամբողջության հակադիր սկզբունքների) միջև եղած ավելի լայն հակասությունից, հակամարտող կողմերից յուրաքանչյուրն ուրույն կերպ է դիտարկում Լեռնային Ղարաբաղի հարցը: Հայաստանի համար անընդունելի է լրիվ անկախացումից և Հայաստանի հետ Արցախի միացումից ավելի քիչ հեռանկարներ խոստացող ցանկացած լուծում, թեպետ Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հետ կապված անցումային փուլի պայմանների և տևողության շուրջ հայկական կողմը ցուցաբերել է որոշակի ճկունություն: Մյուս կողմից՝ Ադրբեջանը Ղարաբաղի համար առաջարկում է ոչ այլ ինչ, քան որոշակի ինքնավարություն` պայմանով, որ Ղարաբաղը վերադարձվի Ադրբեջանին: Հաշվի առնելով այս անջրպետը՝ կարող ենք ասել, որ իրական մարտահրավերը ներկայումս բխում է ավելի Ադրբեջանի մաքսիմալիստական դիրքորոշումից, որով պահանջվում է և՛ Ղարաբաղի, և´ թե «գրավյալ տարածքների» վերադարձը: Սակայն դրա դիմաց չկա որևէ ողջամիտ փոխզիջում առաջարկելու ցանկություն կամ հնարավորություն:
Հայաստանը փորձել է հաղթահարել իրավիճակը՝ ձգտելով կոմպլեմենտար արտաքին քաղաքականությամբ իր ռազմավարական ընտրությունները հասցնել առավելագույնի, ինչը նպատակ է ունեցել վերացնել «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի և իր դեռևս արևմտամետ կողմնորոշման միջև եղած անջրպետը: Ճակատագրի հեգնանքով, այս հավասարակշռող գործողությունն առավել ակներև է պաշտպանության ոլորտում, ուր Հայաստանն էականորեն ավելի է խորացրել իր կապերը Արևմուտքի հետ՝ ինչպես մի շարք երկրների հետ կնքված (Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Միացյալ Նահանգներ և այլն) երկկողմանի պայմանագրերով, այնպես էլ ՆԱՏՕ-ի Գործընկերություն հանուն խաղաղության (Գհխ) ծրագրի շրջանակներում ինստիտուցիոնալ համագործակցության համատեքստում:
Այնուամենայնիվ, չնայած ռուսական զենքերից և օժանդակությունից ունեցած իր կախվածությանը (գործառնական ուսուցման, հայեցակարգի և մոդեռնիզացիայի առումներով) Հայաստանը պաշտպանության բարեփոխումների ոլորտում որդեգրել է հստակ արևմտամետ հեռանկար: Այն ողջամիտ կերպով ձգտել է զերծ մնալ ցանկացած այնպիսի քայլից, որը Ռուսաստանի մոտ մտավախություն կառաջացներ երկրի հստակ արևմտամետ կողմնորոշման շուրջ: Նման զգուշավորությունը ակնհայտ է դառնում, երբ դիտարկում ենք Հայաստանի կողմից ՆԱՏՕ-ին միանալու ձգտումներից հրաժարվելը և ՀԱՊԿ անվտանգության դաշինքին հանձնառու մնալու փաստը:
Չնայած նրան, որ Հայաստանը դեռ մնում է մեծացող «ռիսկային տարածաշրջանի» գերի, այն մեծ չափով ձեռնամուխ է եղել նոր քաղաքական ուղու, որի նպատակն է հաղթահարել մեկուսացման սպառնալիքը: Ռազմավարական տեսանկյունից՝ Հայաստանն ավելի հաջողակ է դառնում իր ռազմավարական ընտրությունները առավելագույնի հասցնելու առումով։ Այն այժմ սկսում է մարտահրավեր նետել իր համար կախվածություն ստեղծած Ռուսաստանի դեմ՝ որպես իր առաջնային անվտանգության հովանավորի և գործընկերոջ:
Ավելին՝ Ռուսաստանի հետ Հայաստանի «ռազմավարական գործընկերությունը» դարձել է կայուն կերպով միակողմանի: Երևանը վերջապես սկսել է հասկանալ, որ թեպետ Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները էական նշանակություն ունեն երկարաժամկետ հեռանկարում, ներկայիս հրամայականը այլընտրանքներն առավելագույնի հասցնելն ու Արևմուտքի հետ առավել համակարգված համապարփակ գործակցությունից շահաբաժին ստանալն է: Այսպիսով, թեպետ Հայաստանին դեռ պետք է հաղթահարել այս «ռիսկային տարածաշրջանը», առավել խոր միտումները մատնանշում են Հայաստանի մեկուսացվածությունը վերջնականապես հաղթահարելուն և կայունության և անվտանգության նոր մակարդակ ձևավորելուն միտված ավելի ողջամիտ քաղաքականություն:
-ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում շատ է խոսվում «փոխզիջումների» մասին․ հայկական կողմը շեշտում է, որ Հայաստանի փոխզիջումը պետք է լինի ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման դիմաց: Սա իշխանությունների ցանկությունն է, արդյո՞ք այն համընկնում է հայ հասարակության ցանկությունների հետ: Որքանո՞վ է հայ հասարակությունը պատրաստ զիջումների ԼՂ հարցում:
-Իրավիճակն այս պահին մնում է լարված. Հայաստանը շարունակում է պայքարը չլուծված հակամարտության բեռը թեթևացնելու ուղղությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների կասեցմանը միտված 1994թ. հրադադարից ի վեր այս հակամարտության լուծումը եղել է միջազգային միջնորդական ջանքերի տիրույթում: Դրանց նպատակն է եղել ստեղծել բանակցային կարգավորման այնպիսի պայմաններ, որոնցով հնարավոր կլինի լուծել ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքների միջև առկա հակասությունը: 1992թ. սկսած միջնորդական ջանքերն իր վրա է վերցրել Եվրոպայում անվտանգության ու համագործակցության հանձնաժողովը (ներկայումս՝ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը)՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ներկայացնող Մինսկի խմբի իր եռանախագահության միջոցով, որն ակտիվ և սերտ համագործակցություն է ծավալում հակամարտող կողմերի հետ:
-ԼՂ կարգավորման գործընթացում անընդհատ խոսք է գնում Թուրքիայի ներգրավվածության մասին: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն էլ հայտարարեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է, որ հնարավոր է, որ ԼՂ հիմնախնդիրը քննարկվի նաև Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան ֆորմատով: Որքանո՞վ է հնարավոր ԼՂ հիմնախնդրի շուրջ եղած բանակցություններում Թուրքիայի ներգրավվածության սցենարը․ ի վերջո, պետք է հաշվի առնել, որ Թուրքիան այս հարցում կողմնակալ չի կարող լինել:
-Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը Ռուսաստանի կողմից միակողմանի ղեկավարվող դիվանագիտական նախաձեռնության հնարավորությունը տալիս է ոչ թե Թուրքիային, այլ Ռուսաստանին: Թեպետ դա ամենայն հավանականությամբ կիրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի միջոցով, տեղական մակարդակով այն կվերահաստատի և կամրապնդի ընկալումն առ այն, որ այս գործընթացում ամենաէականը Ռուսաստանի ներգրավումն է՝ ի հեճուկս ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների՝ Ֆրանսիայի և Միացյալ նահանգների դիվանագիտական ջանքերի:
Եվ հաշվի առնելով առկա հրադադարի պայմանագրի ձախողումը՝ ղարաբաղյան հակամարտությունն ըստ ամենայնի Մոսկվայի համար կծառայի որպես իշխանությունն ու ազդեցությունը ուժեղացնելու գործիք, ինչը հավանաբար կդրսևորվի ռուս խաղաղապահների տեղակայման հավակնություններով: Պատերազմական գործողությունների բռնկմամբ վերջ դրվեց նաև Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա ավելի մեծ ճգնաժամի կարգավորման շուրջ Ադրբեջանի վտանգավոր դիրքորոշմանը: Ձեռնարկելով մարտական գործողություններ՝ Բաքուն ի վիճակի եղավ վերականգնել իր գերակա դիրքը, ձևավորել Անկարայի տարածաշրջանային օրակարգը և ապահովել թուրքական կողմի համակողմանի աջակցությունը:
Այս բախումների հետևանքով է թերևս այժմ հասունացել Թուրքիայի և Ռուսաստանի կողմից դիվանագիտորեն հակազդելու և արձագանքելու ժամանակը: Դա նաև թելադրված կլինի նրանց միջև առկա մրցակցությամբ և հակամարտությամբ: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա հաշվի առնելով Ադրբեջանի հանդեպ Արևմուտքի լծակների սակավությունը, ինչպես նաև բանակցային սեղանին վերադառնալու դժկամությունը՝ Բաքուն վերջինիս դիտարկում է որպես ցանկացած փոփոխության հասնելու հնարավոր ուղի: Հաշվի առնելով նաև այն, որ Ռուսաստանը Ադրբեջանի թիվ մեկ զենք մատակարարողն է՝ նման ընկալումն իսկապես կարող է ունենալ լուրջ հիմքեր: Եվ, այնուամենայնիվ, Ռուսաստանը միակն է, որն այս հակամարտությունն օգտագործելով ու շահարկելով՝ կարող է էլ ավելի խորացնել իր իշխանությունն ու ազդեցությունը տարածաշրջանում:










