Թուրքիայում ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավորը

16:20 • 19.08.16

Պոլսահայ լրագրող, Թուրքիայում լույս տեսնող «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով դատավարության գլխավոր դատավոր Ռուստեմ Յըլմազն այսօր ձերբակալվել է:

 

Ոստիկանները նրան գտել և բերման են ենթարկել Թուրքիայի Մանիսա քաղաքում, գրում է t24.com.tr-ն։



Յըլմազին ներկայացվել է ահաբեկչական խմբավորումների հետ կապեր ունենալու մեղադրանք:

 

Այս ձերբակալությունը նույնպես իրականացվել է հուլիսի 15-ի հեղաշրջման տապալված փորձից հետո պետության կողմից առաջնորդվող ոստիկանական հատուկ գործողությունների շրջանակում:


Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, ով ներկայումս բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:

 

Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին։

Թուրքիայում ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավորը