Սկզբունքորեն լուրջ բաներ չեն փոխվի. Սերգեյ Մինասյանը ստեղծվելիք հայ-ռուսական ԶՈւ միացյալ խմբավորման մասին
Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Սերգեյ Մինասյանը, Tart.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ և ՌԴ զինված ուժերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի մասին, ասաց, որ ոչ թե ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեռք բերված համաձայնություն է, այլ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ ռազմական հարաբերություններին։
«Այն հայ-ռուսական զորախումբն է, որն իր մեջ ներառում է ռուսական 102-րդ ռազմաբազան և հայկական արևմտյան սահմանում տեղակայված 5-րդ բանակային կորպուսը»,-ասաց Սերգեյ Մինասյանը՝ նկատելով, որ այն ոչ թե նոր խմբավորում է, այլ իրենից ենթադրում է եղած խմբավորման համալրում: Նա նաև նշեց, որ խոսակցություններ կան, որ չորրորդ բանակային կորպուսն էլ պետք է համալրվի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Երևանում ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանն ու Սերգեյ Շոյգուն ստորագրեցին «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիրը:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է դա ակտիվացնել, որովհետև կարծում է, որ իրավական նոր ձևակերպումներ տալով՝ կարող է երաշխավորել առավել ակտիվ հայ-ռուսական ռազմական համագործակցություն,-ասաց Սերգեյ Մինասյանը՝ հավելելով,- Հայկական կողմի համար հույս կա, որ նոր ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ռազմական միջոցներ ձեռք բերելու հնարավորություն կլինի: Ես իրականում չեմ կարծում, որ սկզբունքորեն լուրջ բաներ կփոխվեն»:
Հարցին, թե այս համաձայնագիրը հայկական զինված ուժերին կախման մեջ է գցելու Ռուսաստանից, թե համալրման հերթական քայլ է, Սերգեյ Մինասյանը պատասխանեց․ «Իրականում խոսքը Հայաստանում զինված ուժերի մեկ մասի՝ 5-րդ բանակային կորպուսի (որը ամենախոշորը չէ բոլոր հինգ կորպուսների մեջ –Ս․Մ․) համալրման մասին է, որը գտնվում է թուրքական սահմանի ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ պետք է քաղաքականացնել այս հարցը»:
Նա նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում, համաձայնագիրը որևէ ձևով չի կարող խոչընդոտել Հայաստանի զինված ուժերի օգտագործմանը հայ-ադրբեջանական սահմանին․ «Հակառակը կարծում եմ, որ այդ զորախմբի ներկայությունը կարող է ավելացնել հնարավորություններ մեր՝ թուրքական սահմանի ուղղությամբ․քանի որ ռուսական ռազմաբազան տեղակայված է Գյումրիում, և Թուրքիայից սահմանն ավելի երկար է, ապա այստեղ նաև Հայաստանի շահերից էր բխում՝ ունենալ ինչ-որ ռազմախումբ, որը կկարողանար նաև թուրքական ուղղությամբ գործողություններ իրականացնել»:
Հարցին, թե ռուս-թուրքական հարաբերությունների լավացման ֆոնին, ռուսական ռազմաբազայի ընդլայնումով կարո՞ղ ենք մեզ ապահով զգալ, Սերգեյ Մինասյանը պատասխանեց․«Ռազմավարական պլանավորումը կապված չէ այսօրվա տակտիկական ռեվերանսների հետ: Այո՛, հնարավոր է, որ այս պահին ռուս-թուրքական հարաբերությունները բարելավվում են, բայց դե դա այն աստիճանի չէ, որ շատերը վախենում են Հայաստանում: Բայց նախորդ տարի Ռուսաստանը և Թուրքիան համարյա պատերազմի առջև էին կանգնած, այնպես որ, դա կարող է փոխվել ամեն պահի»:
Հարցին, թե որքանով է հավանական, որ հայ-ռուսական զորամիավորումը նաև անհրաժեշտության դեպքում պաշտպանության կանցնի հայ-ադրբեջանական սահմանում, Սերգեյ Մինասյանը պատասխանեց․ «2010 թվականից, երբ որ փոփոխություններ էր արվել հայ-ռուսական պաշտպանական համագործակցության պայմանագրի մեջ, ռուսական ռազմակայանը պարտավորություններ ուներ ռազմական աջակցություն տրամադրել Հայաստանին, երբ Հայաստանի Հանրապետության սահմանները վտանգված կլինեին: Այո՛, այդ խմբավորումը կարող է օգտագորվծել Տավուշի մարզում, Նախիջևանի ուղղությամբ, չնայած գլխավոր նպատակը թուրքական ուղղությունն է»:










