Մոսկվայում բանկ գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը հանձնվել է. նրան տարել են հարցաքննության. տեսանյութ
23.47
Մոսկվայի Մեծ Նիկիտյան փողոցում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղ ներխուժած գործարար Արամ Պետրոսյանին տանում են ՌԴ Քննչական հանձնաժողով`հարցաքննություն անցկացնելու: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` մեջբերելով ՌԴ Քննչական հանձնաժողովի ղեկավարի ավագ օգնականի խոսքերը:
Հաղորդվում է, որ քննիչները հարցաքննում են նաև բանկում գտնված պատանդներին, որոնց հանձնվելուց առաջ գործարարն ազատ էր արձակել:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բանկը գրաված հայազգի Արամ Պետրոսյանը, ով վերջերս սնանկացել էր, հանձնվել է ոստիկանությանը:
__________________________________________________________________________________
23.12
Մոսկվայի կենտրոնում բանկ գրաված հայազգի գործարար Արամ Պետրոսյանը, որը սպառնում էր պայթեցնել Սիթիբանկը, հանձնվեց ոստիկանությանը։ Այս մասին հայտնում են ՌԴ ներքին գործերի նախարարությունից։
Աղբյուրի տվյալներով՝ գործարարի մոտ չի եղել պայթուցիկ նյութ։
Russia Today-ի հաղորդմամբ՝ մինչ հանձնվելը նա ազատ էր արձակել բոլոր պատանդներին: Հաղորդվում էր նաև, որ դիպուկահարները բանկի մոտ մարտական պատրաստականության էին բերվել:
РИА Новости-ի հաղորդմամբ` քիչ առաջ մի քանի օպերատորների տեսախցիկներով թույլ էին տվել մտնել Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղ, սակայն, հայտնի չէ, թե ինչ նպատակով:
__________________________________________________________________________________
Մոսկվայում տղամարդը ներխուժել է ռուսական Սիթիբանկի մոսկովյան մասնաճյուղ և գրավել այն:
Lenta.ru-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է կոստյումով տղամարդը, ով 55-60 տարեկան կլինի, և որի պարանոցից սքոչապատ տուփ է կախված, մտնում բանկ: Պատանդներից մեկի հարցին, թե ինչ է նա ուզում, տղամարդը պատասխանում է, որ «եկել է ոչ թե բանկը թալանելու, այլ գրավելու այն»:
Իրավապահ մարմինների աղբյուրը տեղեկացրել է, որ տղամարդը ասում է, որ ինքը ձեռներեց է Մերձմոսկովյան տարածաշրջանից և մինչև վերջերս զբաղվել է բժշկական նշանակության արտադրությամբ: Տղամարդու խոսքով` վերջերս սնանկացել է, ինչով էլ պայմանավորված պահանջում է ֆիզիկական անձանց սնանկացման ինստիտուտ ստեղծել:
Բանկը գրավող տղամարդու հետ բանակցություններ են ընթանում: Տեսանյութն ուղարկվել է LifeCorr բջջային հավելվածի միջոցով:
Интерфакс գործակալության տվյալներով`բանկը գրաված տղամարդը հայազգի Արամ Պետրոսյանն է: Ինչպես գործակալությանը հայտնել են իրավապահ մարմիններից` Պետրոսյանի մոտ բիզնեսի հետ կապված խնդիրներ են առաջացել 4 տարի առաջ, և վերջինս մեծ պարտքեր է կուտակել:
Օգոստոսի 24-ին գործարարը YouTube-ում տեսաուղերձ է հրապարակել` ուղղված Վլադիմիր Պուտինին, որով զգուշացրել է, որ մտադիր է «կտրուկ քայլի դիմել` խախտելով ՌԴ Քրեական օրենսգիրքը»:










