ՏԻՄ ընտրություններին «Ժառանգության» չմասնակցելու պատճառը քանակի խնդիրը չէ, տեխնիկական է. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցությունը վերջերս, երբ կալանքի տակ էին գտնվում կուսակցության երեք անդամները՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը, հայտարարութjուն տարածեց այն մասին, որ կուսակցությունը չի մասնակցի սպասվող ՏԻՄ ընտրություններին: Օգոստոսի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ կուսակցության անդամներ Հովսեփ Խուրշուդյանն ու Դավիթ Սանասարյանը հայտնեին, որ մասնակցության հարցը քննարկվելու է: Այս և այլ արցերի շուրջ Tert.am-ը զրույցել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:
-Պարո՛ն Մարտիրոսյան, կուսակցության նիստում քննարկվե՞լ է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը և ի՞նչ է որոշվել:
- Դեռևս քննարկումները շարունակվում են, բայց ամենայն հավանականությամբ չենք մասնակցի ՏԻՄ ընտրություններին, որովհետև մի շարք հարցեր կան, որոնք համար պետք է պատրաստվել, իսկ ժամանակի առումով դրանք իրականացնել հնարավոր չէ: Գլխավոր պատճառը ժամանակն է:
-Խոսակցություններ կան, որ ՏԻՄ ընտրություններին չմասնակցելու պատճառը անձանց քանակն է: Ունի՞ նման խնդիր «Ժառանգությունը»:
-Ես դրան ի պատասխան ընդամենը մեկ բան նշեմ: Վանաձորի կառույցը հանձնաժողովի մոտ 500 անդամ է լիցենզավորել: Եթե կառույցը հանձնաժողովի այդքան անդամ է լիցենզավորում, ինչպես կարող է կուսակցությունը անձանց խնդիր ունենալ: Մարդկանց քանակի պատճառով չէ պայմանավորված, որ «Ժառանգությունը» չմասնակցի ՏԻՄ ընտրություններին, խնդիրը տեխնիկական է։
-Եթե քաղաքական ուժը չի մասնակցում ՏԻՄ կամ մեկ այլ ընտրության, հետևաբար քննարկում է մեկ այլ ուժի սատարելու մասին: Կա՞ նման քննարկում «Ժառանգության» ներսում:
-Դրա մասին դեռ վաղ է խոսել, դեռ նման հարց չի քննարկվել: Երբ բոլոր ուժերը ներկայացնեն իրենց թեկնածուներին, պարզ կլինի ինչ իրավիճակ է, նոր կքննարկենք:
-Պարո՛ն Մարտիրոսյան, մոտ երեք տարի առաջ «Ժառանգություն» կուսակցությունը փողոց էր դուրս բերում բազմաթիվ մարդկանց, հիմա չի մասնակցելու ՏԻՄ ընտրություններին: Սրանից ելնելով, կարելի՞ է հետևություն անել, որ «Ժառանգությունն» այլևս նախկինը չէ:
-Բոլորովին համեմատելու բան չէ, որովհետև 2013-ին ընտրական պրոցեսներ էին և ընտրական գործընթացներում և ոչ ընտրական ժամանակահատվածները տարբեր են, ու դրանով պայմանավորված պետք չէ համեմատականներ տանել կուսակցության գործունեության վերաբերյալ: Այդ առումով կարող ենք ասել, որ 2007-ին կամ հետագայում, երբ մենք կուսակցական հավաքներ էինք անում, ընդամենը մի քանի տասնյակից մի քանի հարյուր մարդ էր մասնակցում, բայց դա բացարձակ չխանգարեց, որ և՛ 2007-ին, և՛ 2012-ին «Ժառանգությունն» իր ներկայությունն ունենա խորհրդարանում: Չհաշված այն, որ 2013-ի Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգությունն» այն երեք ուժերից մեկն էր, որ ավագանիում տեղ ունեցավ: Ակնհայտ է, որ «Ժառանգությունը» միշտ էլ իր դերն ունեցել է քաղաքական դաշտում: «Սասնա ծռերի» գործունեության ժամանակ ևս մենք ոչ թե կուսակցության ֆորմատով, այլ անհատապես ակտիվ մասնակցել ենք ծավալվող իրադարձություններին: Այնպես որ, դեռ վաղ է նման կարծիք կազմել, որ «Ժառանգությունը» մեծ խնդիրներ ունի:










