Թուրքիայի Այդըն քաղաքի բնակիչները ստորագրահավաք են սկսել պետության կողմից կրոնական դպրոցի կառուցման դեմ

17:05 • 06.09.16

Թուրքիայի Այդըն քաղաքի բնակիչները ստորագրահավաք են սկսել պետության կողմից կրոնական դպրոցի կառուցման դեմ, գրում է թուրքական «Սոլ» թերթը:


Քաղաքի բնակիչները հայտնել են, որ Այդընում կա նոր նախակրթարանի և միջնակարգ դպրոցի կարիք, այլ ոչ կրոնական դպրոցի: Նրանք պահանջել են, որ նոր դպրոցի շենքը հենց այդ նպատակով էլ օգտագործվի:


Թերթը նշում է, որ սա բնակիչների կրոնական դպրոցների դեմ ընդվզման առաջին դեպքը չէ և որ ավելի վաղ տարբեր քաղաքներում բնակիչները դժգոհություն են հայտնել կրոնական դպրոցների կտրուկ աճի հետ կապված: Բազմաթիվ քաղաքներում բնակիչները դրա փոխարեն պահանջում են կառուցել մասնագիտական քոլեջներ, մինչդեռ պետությունն այդ պահանջներին ընդառաջ գնալու փոխարեն է՛լ ավելի մեծ թափով է շարունակում կառուցել կրոնական կրթօջախներ: