Ստամբուլի հայ համայնքը ներքաղաքական լարվածության պայմաններում մոտ 500.000 դոլարի վնաս է կրել
Ստամբուլի Սամաթիա թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու խորհրդի նախագահ Եսայի Դեմիրը նախօրեին եկեղեցու բակում կայացած բարեգործական ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Ստամբուլի հայ համայնքը ներքաղաքական լարվածության պայմաններում (հուլիսի 15-ի հեղաշրջման փորձը, քուրդ զինյալների դեմ պայքարը, երկրում իրականացվող ահաբեկչությունները) մոտ 500.000 դոլարի վնաս է կրել: Այդ մասին գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօս»-ը:
«Անշուշտ, երկրում տեղի ունեցող իրադարձությունները չէին կարող չազդել մեր համայնքի բյուջեի վրա: Կարող եմ ասել, որ այս տարի համայնքի ֆինանսական կորուստն ամենակոպիտ հաշվարկով կազմում է մոտ 1.460.000 թուրքական լիրա (467.000 ԱՄՆ դոլար): Բացի գումարային հարցերից, կարծում եմ, պետք է խոսենք նաև այլ խնդիրների մասին: Համայնքը նոսրանում է, անցյալ տարի ունեցել ենք 647 մահ, 142 ամուսնություն, 120 մկրտություն», - ասել է Դեմիրը:
Բարեգործական ընթրիքի ընթացքում հավաքված գումարն ուղղվել է Ստամբուլի հայ համայնքի 16 դպրոցներից մեկը հանդիսացող Սահակյան վարժարանի ծախսերը հոգալուն:
Ընթրիքի ընթացքում համայնքի հոգևորականներից եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նշել է, որ համայնքի համար ամենակարևորն այս պահին հենց դպրոցները կանգուն պահելն է։
«Կ.Պոլսի հայկական դպրոցները կանգուն են եղել 1915-ին, կանգուն են մնացել նաև Ունեցվածքի հարկի (1942-44թթ.-ին Թուրքիայի կառավարության կողմից քրիստոնյա և հրեա փոքրամասնությունների դեմ ուղղված հարկային օրենքը, ըստ որի երկրի հայ քաղաքացիները պետք է հարկ վճարեին իրենց ունեցվածքի 232%, հրեաները 179%, հույները՝ 156%, իսկ մահմեդականներն ընդամենը 4,94%-ի չափով) և սեպտեմբերի 6-7-ի դեպքերի ժամանակ, 2016 թվականի՞ն պիտի կանգուն չմնան»,- ասել է եպիսկոպոսը:










