Համաներումը պետք է կոնկրետ խնդիրներ լուծելու նպատակ հետապնդի. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Tert.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ հնարավոր համաներմանը՝ ասաց, թե համաներման ինստիտուտը ողջ աշխարհում կիրառվող է, բայց դա պետք է միշտ նպատակ հետապնդի`լուծելու կոնկրետ խնդիրներ:
«Օրինակ` այդ պահի դրությամբ արարքներ, որ անձի դատապարտվելու պահին եղել են հանցավոր, իսկ հիմա արդեն վերացել է անհրաժեշտությունն այն այդպիսին դիտելու»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե համաներման հետ կապված տեսակետներ կան, որ այն նպատակաուղղված է կալանավայրերի բեռնաթափմանը՝ ՄԻ պաշտպանը հրաժարվեց մեկնաբանել:
«Քանի որ համաներման վերաբերյալ այս պահին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, հետևաբար այդ առումով ես չեմ կարող գնահատականներ տալ, թե ինչ դրույթներ է ունենալու համաներման ակտը, կամ եթե այդպիսին լինելու է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությանը, որի մասին նաև ՄԻՊ-ն է անդրադարձնում իր զեկույցներում, Արման Թաթոյանը պատասխանեց, որ խնդիրն, իհարկե, կա:
«Իհարկե, Արմավիր ՔԿՀ-ի գործարկմամբ խնդիրը չլուծվեց, բայց դա նպաստեց, որ բեռնաթափման հարցը որոշակիորեն լուծվի: Իսկ ընդհանրապես համաներումները կախված են բովանդակությունից, գնահատականները պետք է տալ` այդ դրույթից ելնելով»,- ասաց Արման Թաթոյանը:










