Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման և անմնացորդ նվիրումի համար

14:57 • 21.09.16

Սեպտեմբերի 21-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին հանդիպում է ունեցել Սփյուռքում գործող մի շարք կառույցների ղեկավարների հետ և քննարկել համահայկական նշանակություն ունեցող տարբեր հարցեր. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ մեր բոլոր հաղթանակները համայն հայության հաղթանակներն են, որովհետև դրանք կերտվել են միասնաբար: «Մենք բազմիցս ապացուցել ենք, որ երբ միասին ենք, կարող ենք լուծել ցանկացած խնդիր, հաղթահարել ցանկացած դժվարություն: Մեր միասնությունը ինչպես Հայրենիքի զարգացման ու զորացման, այնպես էլ Սփյուռքի հարատևման, նրա ազգային ինքնության պահպանման հիմնական գրավականներից է: Այս ամենի մեջ կարևորագույն դերակատարություն ունի Մայր Հայաստանը, որը մեր եռամիասնության կորիզն է, այն առանցքը, որն իր շուրջն է համախմբում համայն հայությանը»,- ընդգծել է Նախագահ Սահակյանը:

Հանդիպման ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանին է հանձնել Տիգրան Մեծի շքանշան՝ Արցախի պետականության կայացման և ամրապնդման, համազգային նշանակության կարևորագույն խնդիրների լուծման գործում ներդրած նշանակալի ավանդի և անմնացորդ նվիրումի համար: