Կրքոտ դիֆերամբների ամենապատեհ ժամը

21:50 • 21.09.16

 

Մենք նման ենք վարդերի, որոնք երբեք նեղություն չեն քաշել ծաղկել,

մինչդեռ հարկավոր էր ծաղկել,

ու թվում է` արևը վերջնականապես զզվեց սպասելուց:

Չարլզ Բուկովսկի

Անկախության տոն. կրքոտ դիֆերամբներ գրելու ամենապատեհ ժամը: Հրապարակ են մտնում մեծաբերան, հուժկու տեքստեր, մանրածախ ոտանավորչիների ճիչ-աղաղակներ, օրվա բերանն ընկած կտրող, ծակող լեզու. սրբազան տարածքը, խոսքը, միտքը, իմաստը  ջնջող լեզու՝ ալարկոտ կեցցե-ուռաների և ամենահատու զենքի, մետաղի քոռացնող փայլի կողքին իզուր ծեքծեքող բառեր:

Անկախության մասին գրելու համար անսահման հուսահատություն ու դրանից  հորդող առողջ ցինիզմ է պետք:

Անվավեր է անկախության մասին գիրը, եթե անկախությունը քո կենսագրության, քո ապրած կյանքի մի մասն է  կամ առավել ևս՝ ամբողջը: Ազնիվ կլինի հրապարակներից հեռու աղոթել սեփական մեղքերի համար:

Անկախության մասին պետք է լռեն նրանք.

ովքեր երբևէ սիրահարվել են,

երեխաներ կամ սիրելի մեռյալներ ունեն,

ովքեր գոնե մեկ անգամ նայել են պատերազմող զինվորի աչքերին,

որևէ մասնագիտություն կամ թեկուզ մեկ նվիրական երազանք ունեն:

Եվ, ընդհանրապես, դադարենք հղվել Արիստոտելին, Հեգելին, Կանտին, առավել ևս՝  Անդրանիկին ու Նժդեհին: Այդպես չի լինում, որ բոլոր մեռյալներն ամենախելոքն են, իսկ ողջերն՝ ամենահիմարը: Եվ բացի այդ էլ՝ մեռյալները չեն կարող պատասխանել ողջերի բոլոր հարցերին: Աստված վկա, Նժդեհը չի կարող ձեզ ասել, թե անկախության 25-րդ հոբելյանական տարում ինչու է ՏԻՄ ընտրությունը վերածվում մաուզերիստական շքերթի:

Ճանճերը, սիրկաները, Ամերիկան, բոլորը դատապարտված են ապրել տիեզերական մեկ ամբողջության մեջ: Ահա՝  ինչու չի կարող լինել անկախ ճանճ, անկախ Ամերիկա կամ անկախ Հայաստան: Բայց, այնուամենայնիվ, առասպելները չես կարող դեն նետել. դրանք սնում են պատրանքներ, խթանում ստեղծագործական էներգիան, տոն պարգևում ամենօրյա տաղտուկից ձանձրացած մարդկանց:

Ի վերջո, հրաշալի է, երբ բացում ես Գուգլը և առաջին էջում հայտնաբերում հարազատ երկրիդ պատկերը: Սակայն դա էլ քեզ ոչինչ չի տա, եթե շարունակես միամտաբար կարծել, թե Գուգլն ընդամենը որոնողական մի համակարգ է և ոչ ամենևին ամենքին և ամեն ինչ կլլող գերժամանակակից սպառազինություն, որի կոմպրոմատային փաթեթները հաշված վայրկյաններում կարող են շարքից հանել ցանկացած անկախ երկիր: Գուգլն արդեն գլոբալ օրակարգ է ձևավորում: Եթե մարկետինգային մի ընկերություն կարող է մատի վրա խաղացնել ամբողջական պետությունների, հաշվառել նրանց քաղաքացիների հետաքրքրությունների, նախասիրությունների բանկերը, վերլուծել և այլոց տրամադրել նրանց տնտեսական ու քաղաքական վարքի սցենարները, ապա պետություններն արդեն բնավ էլ հասարակական զարգացման բարձրագույն արդյունքը չեն, կներեք՝ ոչ էլ բարձրագույն նպատակը:

Հայաստանը կարող է և պետք է դուրս պրծնի գերկենտրոնացված այս պաշարումից. ամենաարդար կառավարիչներն անգամ չեն կարող դիմանալ այսքան իշխանությանը. որքան պետական ինստիտուտները մասնավորների հետ շուտ կիսվեն իրենց գերբեռնված լիազորություններով, այնքան արագ կազատագրվի երկիրը: Մնացածը պատրանքներ են: Գերկենտրոնացված համակարգը չի կարող զսպել փողի և իշխանության մոլուցքը:

Այդպիսի բեռուբարձով երբեք չես բարձրանա քաղաքակրթական այսօրվա հարկերով և չես հասնի գլոբալ տարածականություն դարձած նոր իրականությանը, ուր բոլորը և ամեն ինչ այնպես է մոտենում իրար, որ անկախության մասին ցանկացած խորհրդածություն ուղղակի անեկդոտի համարում է ստանում:  Անկախությունն առասպել էր նախորդ երկու դարերի համար, սակայն առասպելներն անգամ ունեն պահպանման ժամկետ:

Նրանք, ովքեր նյարդայնանում են իրերի այս նոր դրությունից, փույթ չէ. ժամանակակից նեյրոգիտությունները կսփոփեն նրանց, կկիսեն նրանց վշտերը, անգամ լաց կլինեն նրանց փոխարեն: Այսօր արդեն նախագծվող նեյրոիմպլանտները մարդկանց խոստանում են դրական հույզերի այնպիսի հեղեղ, այնպիսի անվերջանալի ցնծություն, որին չի կարող ձեռնոց նետել անգամ մեր քաղաքական անվերջանալի կրկեսը:

Եվ հարկ չկա հրճվել Իսկանդերներով, այսօր գենոմոդիֆիկացված մոծակների մի ժրաջան հրոսակախումբ ավելի արագ կարող է անապատացնել մարդկային ցանկացած բնակատեղի: Ահա՝ ինչու է մարդն ամենուր ավելի ու ավելի անպաշտպան դառնում և հասկանում, որ իր կյանքը շատ հաճախ կախված կարող է լինել ընդամենը մի մոծակից: Մարդուն այլ բան չի մնում, քան գիտակցել, որ կյանքում ամենակարևորը ոչ թե իր անկախության ստատուսն է, այլ գոնե մեկին պետք լինելը:

Իսկ երեխաներին ուսած հայրերը, նրանց ձեռքի վառ փուչիկները, փունջ-փունջ ծաղիկները, խնդացող քաղաքը, ամենն այնքան ճիշտ, սիրուն ու լավն էր…

ՎԱՐԴուհի Սիմոնյան

 

 

Կրքոտ դիֆերամբների ամենապատեհ ժամը