Թուրքիայի ժողովրդահանրապետական կուսակցության անդամները կոչ են անում բոյկոտել Թուրքիայում աբդուլհամիդյան շաբաթը

18:37 • 22.09.16

Թուրքիայի խորհրդարանը մտադիր է օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ Երկրորդի ծննդյան 174-ամյակի առթիվ հոկտեմբեր ամսվա առաջին շաբաթը Թուրքիայում հայտարարել «համիդյան շաբաթ»: 

Որոշմանը խիստ դեմ են արտահայտվել ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամները ( կուսակցությունն, ինչպես հայտնի է, հիմնադրել է Թուրքիայի Հանրապետության առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, որը ժամանակին նույնպես աքսորվել է Աբդուլ Համիդի կողմից): 

Այս մասին գրում է թուրքական «Էվրենսել» թերթը: 

Ժողովրդահանրապետական կուսակցության Իզմիրից ընտրված պատգամավոր Մուրադ Բաքանը կոչ է արել քաղաքացիներին բոյկոտել այս նախագիծն ու հայտնել է, որ այս որոշմամբ խորհրդարանը մերժում է ինքն իր գոյությունը, քանի որ Աբդուլ Համիդը ժամանակին փակել էր խորհրդարանն ու միանձնյա կերպով էր ղեկավարում երկիրը: 

«Այս որոշմամբ իշխող կուսակցությունը ցույց է տալիս, թե ինչպիսի նոր Թուրքիա է կառուցում մեզ համար: Միջոցառումների շարքը պետք է չեղարկվի», - ասել է ընդդիմադիր պատգամավորը: 

Ի դեպ` այսօր Ստամբուլի Դոլմաբահչե պալատում Աբդուլ Համիդին նվիրված սիմպոզիումի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գովասանքի խոսքեր էր շռայլել սուլթան Աբդուլ Համիդի հասցեին և շեշտել, որ իրենք շատ բան ունեն սովորելու վերջինիցս: 

Հիշեցնենք, որ Աբդուլ Համիդը հայտնի է նաև «Կարմիր սուլթան» մականունով, որը ստացել է հայկական արյունալի ջարդերը կազմակերպելու համար։