Հալեպն ուժգին հրթիռակոծության է ենթարկվել. զոհերի թվում երեխա կա (թարմացված, լուսանկար)
16.05
Հայտնի է, որ 12-ամյա Արման Հինդոյանն ու իր ընտանիքի անդամները հրթիռակոծության են ենթարկվել Հալեպի Վիլլաներ հայաշատ թաղամասում գտնվող իրենց պատկանող խանութի մոտ:
Ինչպես ավելի վաղ նշել էինք, 12-ամյա Արմանի մայրը՝ Բեթի Հինդոյանը, և քույրը՝ Միրեյ Հինդոյանը, վիրավորների թվում են եղել, ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բեթի Հինդոյանը նույնպես մահացել է հիվանդանոցում:

15.05 Հալեպի հայկական թերթերից «Գանձասար»-ի փոխանցմամբ՝ Հալեպում զոհվել են հայազգի Արման Հինդոյանը և Ծիլա Ջաբաղջուրյանը: Մյուս զոհերի ինքնությունը դեռևս չի պարզվել:
Ծանր վիրավորվել են Գառնիկ Կարապետյանը, Միրեյ Հինդոյանը, Ծովիկ Գաբիքյանը, որոնք այս պահին վիրահատվում են:
Ավելի թեթև վնասվածքներ են ստացել Բեթի Լախոյան-Հինդոյանը, Մովսես Հինդոյանը, Նազար Զարմանյանը:
Հրթիռն ընկել է Վիլլաներ հայաշատ թաղամասում գտնվող Հինդոյան ընտանիքի տան վրա։

14.33 «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում գտնվող բնակարանի վրա ընկած հրթիռի հետևանքով 5 հայ է զոհվել, 8-ը՝ վիրավորվել:
14.22 Այսօր վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծում են Հալեպի Նոր Գյուղ և Վիլլաներ հայաշատ թաղամասերը, հայտնում է Հալեպի հայկական թերթերից «Գանձասարը»:
Նոր գյուղ թաղամասում գտնվող Ազգային Պատսպարանի սաները ժամանակավորապես փոխադրվել են համեմատաբար ավելի ապահով վայրեր:
Ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության են ենթարկել նաև Հալեպի վիլլաներ թաղամասը։
Թաղամասում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցու մոտակայքում ընկած հրթիռներից մեկի հետևանքով զոհերի ու վիրավորների թվում կան հայեր։
Շտապօգնության մեքենաները շրջապատել են թաղամասը: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց:
Հալեպի Կարեն Եփփե ազգային ճեմարանի տնօրինությունն անվտանգության նկատառումներով շենքում գտնվող աշակերտներին տեղափոխել է ներքնահարկ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։










