Ֆիլիպինների նախագահն իրեն համեմատել է Հիտլերի հետ
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել՝ իրեն համեմատելով ֆաշիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի հետ:
Ինչպես նշում է ria.ru-ն, լրագրողների առաջ ելույթ ունենալու ժամանակ Դուտերտեն ասել է, որ որոշ քննադատներ իրեն ընկալում են որպես «Հիտլերի զարմիկ»:
Նշելով, որ Հիտլերը սպանել է միլիոնավոր հրեաների, Ֆիլիպինների նախագահն ասել է. «Ֆիլիպիններում ապրում է 3 մլն թմրամոլ: Ես երջանիկ կլինեի՝ սպանելով նրանց բոլորին: Եթե Գերմանիան Հիտլեր է ունեցել, ապա Ֆիլիպիններն ունի…»: Այս խոսքերից հետո Դուտերտեն դադար է վերցրել ու մատնանշել ինքն իրեն:
Աղբյուրը նկատում է, որ ընթացիկ տարվա մայիսին ընտրված նախագահը հայտնի է իր սկանդալային հայտարարություններով: Վերջերս Դուտերետեն միջազգային սկանդալի պատճառ էր դարձել, երբ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային «անառակի որդի» էր անվանել:
Նշվում է, որ Դուտերտեն լայնամասշտաբ պատերազմ է հայտարարել թմրամոլությանը՝ խոստանալով վերացնել բոլոր թմրամոլներին:










