Գյումրիում ՏԻՄ ընտրությունների դիտորդ է մահացել

17:41 • 02.10.16

Գյումրիում դիտորդ է մահացել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց թիվ 34/54 ընտրատեղամասի նախագահ Կարինե Արշակյանը։ 

«Դիտորդն առավոտյան ժամը 7։00-ին այցելել է ընտրատեղամաս, 14։08 լքել է ընտրատեղամասը և գնացել է ընտրության։ Այնուհետև վերադարձել է ընտրատեղամաս 14։50-ին, իսկ 14։55-ին ուշաթափվել է, կանչել ենք շտապօգնության ծառայություն և այստեղից դիտորդին տեղափոխել են «Գյումրու բժշկական կենտրոն»։ Դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահվել ոստիկանությանը»,-ասաց Արշակյանը՝ ավելացնելով, որ քիչ անց Գուրգեն Կոստանյանը մահացել է։  


Դեպքի վերաբերյալ ոստիկանության լրատվության վարչության հասարակայնության և տեղեկատվության հետ կապի բաժնից Էդգար Ջանոյանը հայտնեց,որ Գյումրիի թիվ 34/54 ընտրատեղամասից ոստիկանության աշխատակցի կողմից ժամը 15։10-ին ահազանգ է ստացվել, որ վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը:«Նույն քաղաքացու վերաբերյալ ժամը 16։25-ին Գյումրու բժշկական կենտրոնից հայտնել են, որ քաղաքացին մահացել է»,-ասաց նա։

 

Նշենք, որ Գուրգեն Կոստանյանը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» դիտորդն էր։

Գյումրիում ՏԻՄ ընտրությունների դիտորդ է մահացել