Վանաձորում հավանական է նոր ընտրություններ անցկացվեն՝ հաշվի առնելով ՀՀԿ-ի հետ դաշինք չկազմելու ՀՎԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարությունները. Է. Մարուքյան

11:26 • 04.10.16

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ հիմնվելով «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցությունների պաշտոնական հայտարարությունների վրա, որ ՀՀԿ-ի հետ ոչ մի դեպքում դաշինք չեն կազմի, տեսակետ հայտնեց, որ ստեղծված իրավիճակում նոր ընտրություններ անցկացնելու հնարավորություն կա Վանաձորում: 

Իսկ մինչ այդ, անդրադառնալով դեռևս «Հայկական վերածնունդ» կուսակցության իր կոչի արձագանքին, նշեց, որ մանրամասն չեն քննարկել, որովհետև դեռ ԲՀԿ պատասխանն էլ պետք է լինի:

«Բայց ասեմ, որ մենք լոկալ համագործակցության առաջարկ ենք արել, ոչ թե համապետական մակարդակի, ինչի մասին հայտարարության մեջ մանրամասն կա»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց նա, մյուս կողմից էլ նկատեց՝ ըստ էության չմիանալու դեպքում որևէ խնդր չկա:

«Հնարավորություն է բացվում այս պահին, եթե չենք միանում, եթե ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» չեն միանում և չեն քվեարկում, նրանք ամեն դեպքում պաշտոնապես հայտարարել են, որ նաև չեն միանալու ՀՀԿ-ին։ Հետևաբար՝ սա մեզ համար միգուցե ավելի լավ դասավորություն կարող է լինել, որովհետև այդ իրավիճակում նոր  ընտրություններ տեղի կունենան Վանաձորում և մենք կփորձենք ավելի լայն կոնսոլիդացիա ապահովել և միանշանակ հաղթանակ տանել ՀՀԿ-ի նկատմամբ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցություններին միանալ և առաջադրել
քաղաքապետի միասնական թեկնածու:

Կոչին արձագանքել է դեռևս միայն ՀՎԿ-ն՝ առաջարկելով երկու տարբերակ. կմիանան, եթե առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին իրենց միանա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Երկրորդ առաջարկով՝ կմիանան, եթե հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը:

Նշենք, որ ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացառվում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը: 
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը ևս հայտարարել էր, որ «հաստատ ՀՀԿ-ի հետ Վանաձորում չեն կազմի քաղաքական կոալիցիա»: 

Հիշեցնենք, որ, նախնական տվյալներով, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում անվավեր ճանաչված ձայների վերաբաշխումից հետո ՀՀԿ-ն կունենա 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10,  «Հայկական վերածնունդը»՝ 5, ԲՀԿ-ն՝ 5, ՀՅԴ-ն՝ 5:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն բանակցում է իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ՝ Վանաձորում կոալիցիա կազմելու համար:

Իսկ եթե նույնիսկ միավորվեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի» և «Հայկական վերածնունդի» միավորման դեպքում նրանց մանդատների թիվը կհասնի 20-ի, և նրանք իրավունք կունենան քաղաքապետ նշանակելու: