Ազգությամբ հայ թեկնածուներ, ովքեր կպայքարեն Վրաստանի խորհրդարան անցնելու համար

21:00 • 04.10.16

Հոկտեմբերի 8-ին Վրաստանում տեղի է ունենալու խորհրդարանական ընտրություններ: Այս ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվելու են ընդունված փոփոխությունների պատճառով: 2015 թվականին  Վրաստանի խորհրդարանի ընդունած Ընտրական օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված որոշ ընտրատեղամասերը միավորվել են մեկ ընտրատարածքում  ընտրողների 47 000 թիվն ապահովելու համար: Սրանով պայմանավորված հայաբնակ Ախալքալաքն ու Նինոծմինդան միավորվել են մեկ ընտրատարածքում և հետևաբար ունենալու են մեկ մեծամասնական թեկնածու:

Վենետիկի հանձնաժողովի առաջարկին համապատասխանեցնելով  Ախալքալաքի 17 գյուղեր, որից 14-ը հայաբնակ,  միացվել են Բորժոմիին, որպեսզի ապահովվի մեկ ընտրատեղամասում 47 000 ընտրողի շեմը, իսկ Բորժոմիում հայազգի թեկնածու չի առաջադրվել:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 29 կուսակցություն/բլոկ, որոնցից Ախալքալաքի ընտրատարածքում իրենց թեկնածուներն ունեն միայն 6-ը:

Tert.am-ը ներկայացնում է խորհրդարանական ընտրություններին առաջադրված հայազգի թեկնածուներին, և այն ընտրատարածքները, որտեղ առաջադրվել են նրանք: Ըստ Tert.am-ի հաշվարկի՝ Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, ընդհանուր առմամբ, կմասնակցի 26 թեկնածու:

Իշխող կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 155 թեկնածու, որում հավասարաչափ ներկայացված են հայ և ադրբեջանցի թեկնածուները՝ 3-ական թեկնածու: Սակայն, սկսած Զվիադ Գամսախուրդիայի ժամանակաշրջանից, առաջին անգամ է, որ հայազգի պատգամավորը զբաղեցնում է համամասնական ցուցակի 19-րդ համարը՝ բոլոր էթնիկ փոքրամասնությունների թեկնածուներից առաջ:

Հայաբնակ Ախալքալաքում և Նինոծմինդայում իշխող «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան» կուսակցությունն առաջադրել է  գործող պատգամավոր Հենզել Մկոյանի թեկնածությունը:
Վերջինս Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է ընտրվել 1999 թվականից՝ «Վրաստանի քաղաքացիների միություն» կուսակցությունից: 2003-2012թթ.  անդամակցել է Սաակաշվիլիի «Միացյալ Ազգային շարժմանը» և եղել է պատգամավոր:  Սաակաշվիլիի հեռանալուց  հետո դուրս է եկել  «Միացյալ Ազգային շարժումից» և գործունեություն է ծավալել որպես անկախ պատգամավոր: Այս տարվա ընտրություններին ընդառաջ իշխող կուսակցությունը Հենզել Մկոյանին առաջադրել է որպես մեծամասնական թեկնածու Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքում:

Իշխող ուժի համամասնական ցուցակի 23-րդ համարում ընդգրկվել է գործարար Սամվել Մանուկյանը: Վերջինս ցուցակում ընդգրկվել է Ախալքալաքից ընտրված գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանի և վարչապետի հետ Ախալքալաքում գրանցված միջադեպից հետո: Սամվել Պետրոսյանը ցանկանում էր ցուցակում ընդգրկել իր որդուն, որն այդպես էլ չստացվեց: Ախալքալաքի գործող պատգամավոր Սամվել Պետրոսյանը չի առաջադրվել:

«Միացյալ ազգային շարժման» մեծամասնական թեկնածուն Ախալքալաքի և Նինոծմինդայի ընտրատարածքում Արսեն Կարապետյանն է: Նա Նինոծմինդայի նախկին ոստիկանապետն էր:

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երկու տարի առաջ անդրադարձել էր Արսեն Կարապետյանի գործունեությանը: Սաակաշվիլին ասել էր, որ երբ 2008-ին պատերազմ էր Վրաստանում, Արսեն Կարապետյանն իր ընտանիքի հետ գտնվում էր Փարիզում: Սակայն, երբ պատերազմը սկսվել է,Արսեն Կարապետյանն ընտանիքի հետ արագ վերադարձել է Վրաստան և օգոստոսի ութի երեկոյան արդեն եղել է իր դիրքում։

Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» համամասնական ցուցակում չորս հայ կա՝  31-րդ հորիզոնականում Արսեն Կարապետյանն է, 50-րդը՝ Գևորգ Շուշանյանն է, 151-րդը՝ Նանա Մինասյանն է,  173-րդը՝ Դիանա Թորոսյանն է:

«Դավիդ Թարխան Մոուրավի, Իռմա Ինախվիլի, Վրաստանի հայրենասերների ալյանսը, միասնական ընդդիմությունն» Ախալքալաքում և Նինոծմինդայում բլոկն առաջադրել է Մերուժան Կարախանյանի թեկնածությունը:

«Ազգային ֆորում»-ը Ախալքալաքում մեծամասնական և համամասնական թեկնածու է առաջադրել Արմենակ Փոլորչյանին, ով մասնագիտությամբ մանկավարժ է:

«Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից մեծամասնական թեկնածու առաջադրվել է Նինոծմինդայից անհատ ձեռնարկատեր Շաքրո Այվազյանը:

«Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկի համամասնական ցուցակի 18-րդ հորիզոնականում ընդգրկվել է Մելքոն Մարգարյանը, ով Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավոր է:

«Հանրապետական» կուսակցությունը ևս մեծամասնական թեկնածու ունի Ախալքալաքում: Կուսակցության թեկնածուն  շրջանային ժողովի պատգամավոր  Աշոտ Սահարյանն է:

Ախալքալաքում ինքնաառաջադրվել են նաև նախկին պաշտոնյաներ՝ Նինոծմինդայի նախկին ոստիկանապետ Ռոբերտ Ջաղացպանյանը և Ախալքալաքի սոցիալական ծառայության նախկին պետ Արտաշես Փալանջյանը:

Ծալկայի և Դմանիսի ընտրատարածքում առաջադրվել է մեկ հայ թեկնածու՝ Արմենակ Սարգսյանը «Առաջադիմական դեմոկրատական շարժում» կուսակցությունից:

Թբիլիսիում առաջադրվել է ութ հայ թեկնածու: «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցության համամասնական ցուցակի 19-րդ հորիզոնականում է գործող պատգամավոր  Ռուսլան Պողոսյանը:  Ռուսլան Պողոսյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր է «Վրացական երազանքից»: Նա միշտ աչքի է ընկել Վրաստանի նախկին նախագահի դեմ հայացքներով ու հայտարարություններով:

Թբիլիսիում «Իրակլի Ալասանիա-Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակի 21-րդ հորիզոնականում է քաղաքացիական ակտիվիստ, «Շեն» ՀԿ-ի նախագահ Միխեիլ Ավագյանը:

Թբիլիսիում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է  լրագրող Էդգար Բարսեղյանը, ով ներկայացնում է «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկը:

Թբիլիսիում «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկից առաջադրվել է ևս երկու թեկնածու՝ Սերգո Խաչատրյանը և Արթուր Սարգսյանը:

«Մեր Վրաստան-Բադրի Պատարկացիշվիլի նախընտրական շտաբում» երեք կին թեկնածու կա 12-րդ հորիզոնականում Մարինե Ավդալյանը, 24-րդում՝ Կարինե Առուշանյանը, 25-ում՝ Նաիրա Բոզոյանը:  

«Մենք-ժողովրդական կուսակցության» համամասնական ցուցակում, որը նաև «Պաատա Բուրճուլաձե-Պետություն ժողովրդի համար» բլոկի մասն է կազմում, իր համամասնական ցուցակում բացի Սերգո Խաչատրյանից և Արթուր Սարգսյանից, 91-րդ հորիզոնականում է Տիգրան Գրիգորյանը, 94-րդը՝ Բորիս Հովսեփյանն է, 111-րդը՝ Նոդար Խաչատրյանն է, 136-րդը՝ Անա  Վարդանյանն է:

Հայաշատ Ախալցիխե  և Ադիգեն ընտրատարածքում, Մառնեուլում, որտեղ հայեր և ադրբեջանցիներ են բնակվում, հայ թեկնածուներ չկան:

Ախալցիխեում  «Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան»-ը որպես մեծամասնական թեկնածու առաջադրել է Ախալցխայի նախկին քաղաքապետի Գիորգի Կոպաձեին: Ընդդիմադիր  ղեկավարած «Միասնական ազգային շարժում»-ն առաջադրել է գործող պատգամավոր Վաժա Չիթաշվիլիի  թեկնածությունը: