Թուրք զինվորների՝ Իրաքում գտնվելն օրինական չէ. միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ

17:03 • 05.10.16

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիոն ուժերի խոսնակ Ջոն Դորիանը մեկնաբանել է Իրաքի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի կողմից իրականացվելիք ռազմական գործողության վերաբերյալ Թուրքիայի պաշտպանության նախարարի հնչեցրած հայտարարությունները:



Դորիանը պաշտոնապես հայտարարել է, որ Իրաքի տարածքում գտնվող թուրք զինվորները կոալիցիոն ուժերի անդամ չեն և նրանց` Իրաքի տարածքում գտնվելն իրենց տեսանկյունից չի կարող օրինական համարվել: Այս մասին գրում է թուրքական t24.com.tr կայքը: 



«Իրաքի տարածքում գտնվող թուրքական ԶՈՒ-ն Իրաքի կառավարության թույլտվությամբ չէ գտնվում այնտեղ և, այդպիսով, նրանց ներկայությունն Իրաքում օրինական չէ: Ինչպես հայտնի է, որոշ երկրների զինված ուժեր Իրաքի կառավարության անմիջական համաձայնությամբ գտնվում են Իրաքի տարածքում և պայքարում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ», - ասել է Դորիանը:

 

Հիշեցնենք, որ Իրաքի խորհրդարանը հոկտեմբերի 4-ին որոշում է ընդունել, որով երկրի Մոսուլ նահանգում թուրքական ԶՈՒ-ի իրականացնելիք ռազմական գործողություններն «անօրինական» են համարվում: 

Հոկտեմբերի 5-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ անկախ Իրաքի խորհրդարանի որոշումից` թուրքական ԶՈՒ-ն կմասնակցի Մոսուլի գործողությանը:

 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք պատրաստ են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողություններ իրականացնել «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող սիրիական Ռաքքա քաղաքում, ինչից հետո, ամենայն հավանականությամբ, թուրքական ԶՈՒ-ի թիրախում կհայտնվի իրաքյան Մոսուլ քաղաքը, որն Իրաքում ամենամեծ նավթային պաշարներն ունեցող կենտրոններից մեկն է և 2014թ.-ի հունիսի 10-ից գտնվում է ԻՊ-ի հսկողության տակ: 

 

Թուրքական հատուկ նշանակության ուժերն օգոստոսի 24-ի առավոտյան մտել են Սիրիայի տարածք, իրենց իսկ խոսքով, «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններից հյուսիսային Ջերաբլուս քաղաքի ազատագրման գործողության շրջանակում: