Լավրովը հոկտեմբերի 14-ին կմասնակցի Երևանում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 14-ին Երևանում կմասնակցի ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երևանում հոկտեմբերի 14-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստի պատրաստությունների շրջանակում կկայանա ԱԳ նախարարների խորհրդի, ինչպես նաև պաշտպանության նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստ:
«Տվյալ ձևաչափի մեջ աշխատանքին կմասնակցի Սերգեյ Լավրովը, կքննարկվեն հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, միջազգային ահաբեկչությանը հակազդելու, ռազմական համագործակցության զարգացման արդի հարցերը, ինչպես նաև մի շարք փաստաթղթեր, որոնք հաստատման կդրվեն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:










