Մինչև նոյեմբեր ևս 100 սիրիահայ կգա Հայաստան

22:05 • 07.10.16

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հ/կ-ն այս ընթացքում սիրիահայերից 600 խնդրագիր է  ստացել՝ դեպի Հայաստան միակողմանի տոմս ունենալու ցանկությամբ, դրանցից 100-ի համար արդեն գումար կա․մեկ ամսից 100 սիրիահայ կլինի Հայաստանում: Այս մասին Tert.am-ին պատմեց  կազմակերպության հիմնադիր Անի Բալխյանը:

Նա ներկայացրեց, որ դեռևս անցած տարվա ապրիլինի է նրանց կազմակերպությունը նման կոչով հանդես եկել, երբ Սիրիայում ռազմական գործողություններն ուժգնացել էին:

«Սիրիահայերի այստեղ ապրող ազգականները, բարեկամները դիմեցին մեզ, որ մեկ ուղղությամբ տոմս ապահովենք իրենց այն հարազատների համար, որոնք ունեին Հայաստան կամ Սիրիային մոտ անվտանգ երկրներ տեղափոխվելու ֆինանսական դժվարություններ: Այդ հայտարարությամբ հանդես եկանք 2015 թվականի մայիսի 6-ին: Աշխարհի տարբեր երկրներում ապրող շատ հայորդիներ մեծ ուշադրություն դարձրին այս ծրագրին: Բայց հետո, երբ Հալեպն ավելի խաղաղվեց, որոշ սիրիահայեր հրաժարվեցին իրենց դիմումից»,- ասաց Անի Բալխյանը՝ ավելացնելով, որ վերջին ամիսներին, երբ դրությունը փոխվեց, ռազմական գործողություններ սկսվեցին, նախորդ դիմումատուներին գումարվեցին ևս 600 սիրիահայեր՝ դիմելով իրենց կազմակերպությանը Հալեպից դուրս գալուն օգնելու խնդրանքով:

Հիշեցնենք, որ այսօր «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը պաշտոնապես օգնություն է խնդրել սփյուռքի և Հայաստանի բարերարներից` հալեպահայությանը Սիրիայից դուրս բերելու համար:

«ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հ/կ-ի հիմնադիրը նշեց, որ 2015 թվականից մինչ օրս 250 դիմողների օգնել են միակողմանի տոմս ձեռք բերելու և Հայաստան տեղափոխվելու հարցում:

Դիտարկմանը, թե հայաստանյան ղեկավարությունը նշում է, որ սիրիահայերը չեն ցանկանում գալ Հայաստան, Անի Բալխյանը պատասխանեց. «Սիրիահայությունը շուրջ 20 000 է կազմում: Եթե 20 000-ից ընդամենը մի քանի հարյուր հոգին է դիմում խնդրագրով, նշանակում է, որ սիրիահայության մեծ մասն է նախընտրում կառչած մնալ իր հողին»:

Անի Բալխյանը նշեց, որ այն 100 հոգին, որոնց համար արդեն գումար հավաքվել է, մինչև նոյեմբեր կլինեն Հայաստանում. մեկ ամիս է անհրաժեշտ, որ Հալեպի հյուպատոսարանից հայկական վիզա վերցնեն:

Հարցին, թե տեղյա՞կ է՝ ինչպես պետք է լուծվեն Հայաստան տեղափոխվող սիրիահայերի կեցության հարցերը, Անի Բալխյանը պատասխանեց. « Կան բարերարներ, որ պատրաստ են տեղ տրամադրել սիրիահայերին»:

Նա նշեց, որ մի շարք կազմակերպություններ ևս ստանձնել են այստեղ տեղափոխվող մի քանի հարյուր սիրիահայ ընտանիքների կեցության խնդիրները մեկ տարով լուծելու գործը:

Անի Բալխյանը պատմեց, որ ինքն ամենօրյա կապի մեջ է սիրիահայերի հետ․«Հալեպի մեջ իրենք միայն կյանքի ապահովության պետք ունեն: Այն մարդիկ, որոնք ցանկություն կունենան  դուրս գալ, իրենց ցանկությունն իրականացնելու համար նյութականի անհրաժեշտություն կունանան, դրա բացակայությունը խնդիր է դառնում: Հալեպահայությունը հիմնականում բարվոք է ապրում, եթե նրանք ցանկանան դուրս գալ, ոչ ոք չի խանգարի նրանց»:

Դիտարկմանը, թե շատ է խոսվում, որ սիրիահայերը չեն ցանկանում հենց Հայաստան գալ, որովհետև այստեղ իրենք չեն կարողանում իրենց խնդիրները լուծել, Անի Բալխյանը պատասխանեց․«Բոլորը, որ գալիս են Հայաստան, շատ մեծ ցանկություն են ունենում իրենց արմատներն այստեղ ծավալելու: Միակ դժվարությունը, որ պետք է դիմագրավեն, բնակարանների բարձր գնով վարձակալությունն է: Կարծում եմ՝ եթե բնակեցման հարցը լուծվի, հայրենիքի մեջ նրանք որևէ աշխատանք ունենալով՝ կփորձեն իրենց արմատները գցել»:

 

 

 

Մինչև նոյեմբեր ևս 100 սիրիահայ կգա Հայաստան