Նախորդ կառավարությունները լուրջ հարկադրանքի տակ չեն եղել, ինչ ներկա կաբինետը. Ատոմ Մարգարյան

18:11 • 12.10.16

Պաշտոնավարման մեկ ամսվա ընթացքում նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դրական տպավորություն է թողել: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը: Նա նշեց, որ նոր կառավարությունը կանգնած է նախորդներից թողած տնտեսական վատ ժառանգության ու արտաքին մարտահրավերների առաջ, սակայն, ըստ տնտեսագետի, գործադիր մարմնի նոր ղեկավարին ազատություն է տրվել՝ լուծելու խնդիրները:

- Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը շուրջ մեկ ամիս է, ինչ ստանձնել է գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնը: Այս ընթացքում եղան մի շարք պաշտոնանկություններ, նշանակություններ, հայտարարություններ, հանձնարարականներ, հանդիպումներ և այլն: Ամբողջացնելով կատարած աշխատանքը՝ ի՞նչ եզրահանգումներ ունեք:

- Ընդհանուր տպավորությունս դրական է: Կատարած քայլերը համարձակ են, Կարեն Կարապետյանը չի նայում՝ հեղինակությո՞ւն է, թե ոչ, որովհետև, ինչպես հայտարարեց Նախագահը, վերջինս «քարտբլանշ» ունի, ազատ է իր թիմի ձևավորման գործում: Կարեն Կարապետյանն ունի վստահության քվե՝ ձևավորելու իր կաբինետը. դրա համար առանց նայելու դեմքին ու դիրքին, աշխատանքային փորձին, փոփոխություններ է իրականացնում: Նա հասկանում է, որ գործադիր մարմնում նոր մարդիկ են պետք, նոր մտածողությամբ, նոր գաղափարներով, եռանդուն, որպեսզի քավոր-սանիկական, ընկերական, բարեկամական կապերով կառավարություն մտնելու ցանցերը կտրվեն:

Պետական կառավարման համակարգը նման է «կախված» ծրագրի, որը «ռեսթարթ»-ի կարիք ունի: Այլապես հնարավոր չէ առաջ գնալ: Լուրջ խնդիրները, որոնք ՀՀ տնտեսությունն ունի արտաքին պարտքերի, ծախսերի և այլնի հետ կապված, չեն կարող լուծվել, երբ ծրագիրը «կախված է», իսկ դրանից դուրս գալու համար նոր ոճ ու փիլիսոփայություն է պետք:

- Ասացիք, որ ընդհանուր առմամբ դրական տպավորություն ունեք, ինչո՞ւ: Կարեն Կարապետյանի հայտարարությունները, հանձնարարականները տարբերվո՞ւմ են նախորդների հայտարարություններից, հանձնարարականներից: Նա հանդիպել է գործարարների հետ, ինչպես բոլորը, ծախսերի կրճատման մասին հրամաններ տվել, նախորդ առնվազն երկու վարչապետների պես ասել է, որ «կախարդական փայտիկ» չունի հարցերին արագ լուծում տալու համար: Ինչո՞վ եք պայմանավորում պոզիտիվ ակնկալիքները:

- Որովհետև յուրաքանչյուրին պետք է գնահատել իր կենսագրության, իր կարողությունների, դավանած արժեքների հիման վրա: Կարեն Կարապետյանն առանձնանում է շփման կուլտուրայով, ձևավորած թիմով, նրանց ընտրելու չափանիշներով, խոսքը գործի վերածելու հավակնություններով: Նախորդ կառավարությունները լուրջ հարկադրանքի տակ չեն եղել, ինչ ներկա կաբինետը:

- Ի՞նչ հարկադրանք:

- Նկատի ունեմ բյուջետային իրավիճակը: Նախորդ կառավարությունները չեն գնացել ծախսերի ռադիկալ կրճատման: Նախորդ կառավարությունները ժառանգություն են թողել բյուջեի դեֆիցիտ, չեն ունեցել բյուջեի դեֆիցիտ, հակառակը՝ արտաքին պարտքը կուտակել են: Գործող վարչապետի վիճակը, այս իմաստով, սկզբունքորեն տարբեր է: Ներկա կաբինետը դիմում է ապարատի օպտիմալացման, կրճատումների, ծախսերի կրճատումների և այլն: Ուստի ես կարծում եմ, որ փոփոխությունները ավելի շատ իրական են, քան ձևական:

- Ինչպիսի՞ն կլինի կառավարության ծրագիրը, պետական ինչպիսի՞ բյուջե կներկայացնեն:

- Կադրային փոփոխությունների համատեքստում կարելի է ենթադրել, որ ծրագիրը կլինի շատ ամբիցիոզ, հավակնոտ, ագրեսիվ, կտրուկ փոփոխություններ ենթադրող՝ կարճաժամկետ հատվածում, այսինքն՝ մինչ ապրիլի խորհրդարանական ընտրությունները: Ծրագիրը պետք է բխի Նախագահի ծրագրերից, տեղավորվի Նախագահի նախընտրական ծրագրում կամ գոնե չշեղվի դրանից:

- Ի՞նչ նկատի ունեք՝ ագրեսիվ, հավակնոտ ասելով:

- Նկատի ունեմ այն արմատական խնդիրները, որոնք նոր թնջուկ են դարձել ՀՀ համար. դա առաջին հերթին ստվերային տնտեսության կրճատմանն ու կոռուպցիոն երևույթների հաղթահարմանն է վերաբերում: Եթե կառավարությունը սրանք չի անում, հաջողություն ունենալ չի կարող: Ինչ վերաբերում է երկարաժամկետ ծրագրին, ապա չեմ կարծում, թե այն ընդգրկուն լինի, որովհետև քաղաքական մեծամասնությունը խորհրդարանական ընտրություններից հետո նոր կառավարություն կձևավորի: