Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերով եթե որևէ դատական գործողություն չարվի, կդիմենք ՄԻԵԴ․իրավաբան
Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով հուլիսին Սարի թաղում լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունների դատական քննության մասին, նշեց, որ փորձը ցույց է տալիս, որ դատական մարմինները ամիսներ շարունակ ձգձգում են լրագրողների բռնության դեպքերի քննությունը՝ առանց որևէ քննչական կամ դատական գործողություն կատարելու:
«Մի որոշ ժամանակ էլ կսպասենք, և եթե որևէ քննչական կամ դատական գործողություն չարվի՝ կոնկրետ լրագրողների գործով, կդիմենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան,- ասաց նա՝ ավելացնելով, որ դեռ վաղ է եզրակացնել՝ դատարանը բարեխղճորեն կգործի՞, թե ոչ․ դեռ մի քանի ամիս է անցել, եզրակացություններ անելու համար դեռ շատ վաղ է, իր ենթադրությունները հիմնված են տարիների փորձի վրա:
«Տեսեք՝ «ElectricYerevan»-ից անցել է մեկ տարի ու ամիսուկես, բայց ընդամենը 2 հոգու են մեղադրանք առաջադրել, այն էլ այդ երկու հոգու անունները չեն հրապարակվել, միայն ինիցիալներն են հրապարակվում: Չէի ասի, որ դա պրակտիկա է, այլ առավել շատ՝ բացառություն: Թե հիմա ինչու է արվում բացառություն, անհասկանալի է»,- ասաց նա:
Նորից անդրադառնալով Սարի թաղում լրագրողների նկատմամբ կիրառված բռնություններին՝ Արա Ղազարյանը նշեց. «Կիրառվել են հատուկ միջոցներ, և կան լրագրողներ, որոնք ստացել են մարմնական վնասվածք: Այստեղ ցավալին այն է, որ լրագրողները նաև թիրախավորվել են՝ եղել են գործողություններ, որոնք ուղղված են եղել հենց լրագրողի տեսախցիկին: Սա նշանակում է, որ ոստիկանությունը չէր ցանկանում, որ լրագրողը որոշ գործողություններ ֆիքսի»:










