«Կողաշրջված թիվ 46 ավտոբուսի մեջ ուղևորներ չեն եղել». «Շտապօգնություն»
Քիչ առաջ Թբիլիսյան խճուղում շրջված թիվ 46 ավտոբուսի մեջ ուղևորներ չեն եղել, եղել է միայն վարորդը, որը տեղափոխվել է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Ըստ այդմ՝ վթարի արդյունքում հիվանդանոց են տեղափոխվել 3 հոգի՝ թիվ 46 ավտոբուսի վարորդը և «Մերսեդեսի» վարորդն ու ուղևորը, որոնք տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոն:
«Արտաքին զննությամբ 3-ն էլ ծանր վնասվածքներ չեն ստացել, սակայն դեռ պետք է հետազոտվեն: Պարզապես հարված է եղել գլխով, բայց իրենք գիտակցության մեջ են եղել, նորմալ, ադեկվատ խոսել են: Կոտրվածքներ չենք ախտորոշել, սակայն հիվանդանոցում կհետազոտեն: Բոլոր 3-ի գիտակցությունը տեղում է եղել, արտաքնապես լուրջ տրավմաներ չեն ունեցել»,-ասաց Ստեփանյանը:
Հիշեցնենք, որ ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ այսօր ժամը 14.17-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ IMEX GROUP ընկերության դիմաց բախվել են թիվ 46 երթուղային ավտոսուսը և Mercedes մակնիշի 34 CQ 099 համարանիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։










