Քրդերն ու իրաքցի զինվորականները լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլի մոտ. Պենտագոնը ևս առաջարկել է իր օգնությունը

09:46 • 17.10.16

Քրդական զորամիավորումները (փեշմերգա) ու իրաքյան զորքերը լայնամասշտաբ գործողություն են սկսել Մոսուլ քաղաքի մոտ՝ նպատակ ունենալով մաքրել իրաքյան Նայնավա նահանգն ու դրա վարչական կենտրոն համարվող Մոսուլն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներից:

 

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին Twitter սոցկայքի միջոցով տեղեկացրել է քրդական հրամանատարությունը:

 

«Մոտավորապես ժամը 06:00-ին Մոսուլից դեպի արևելք ընկած Խազերում տեղակայված քրդական ուժերն ու  Մոսուլից դեպի հարավ ընկած Գվերում և Գայարայում գտնվող անվտանգության իրաքյան ուժերը սկսել են համակարգված լայնամասշտաբ գործողություն, որն ԻՊ-ի ահաբեկիչներից Նայնավան ազատագրելուն ուղղված առաջին քայլն է»,-նշվում է թվիթերյան հաղորդագրությունում:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Խազերում կենտրոնացված է մոտ 4.000 քուրդ զինյալ, որոնք Իրաքի դաշնային կառավարության հետ կնքած համաձայնագրի շրջանակում պետք է 3 ռազմաճակատում ազատագրեն իսլամիստների գրաված գյուղերը:

 

Նշվում է, որ միջազգային կոալիցիայի ռազմական օդուժը հոկտեմբերի 16-ից ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերն ու աջակցում Մոսուլի ազատագրման գործողությանը:

 

gazeta.ru-ն հավելում է, որ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության ղեկավար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնություն տրամադրել իրաքյան բանակին Մոսուլի ազատագրման հարցում:

 

«Սա ԻՊ-ի վերջնական ջախջախմանն ուղղված արշավի շրջանակում որոշիչ պահ է»,-ընդգծել է ամերիկացի պաշտոնյան:

 

Քարտերը նաև վստահություն է հայտնել առ այն, որ Իրաքի իշխանությունները կհաղթեն «ընդհանուր թշնամուն» ու կազատագրեն Մոսուլը, ինչպես նաև երկրի մնացած տարածքներն ԻՊ-ից:

 

Հիշեցնենք, որ Իրաքի 2-րդ խոշորագույն քաղաքը համարվող Մոսուլն ԻՊ-ի կողմից գրավվել է 2014թ.: Ըստ տարբեր տվյալների՝ այնտեղ կարող է գտնվել 3.000-4.500 գրոհային:

 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ։