Կարո Փայլանը հայտարարել է Էրդողանին դատի տալու մտադրության մասին

11:15 • 17.10.16

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, հայազգի պատգամավոր Կարո Փայլանն այսօր պատրաստվում է դատի տալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Փայլանն այս մասին հայտարարել է twitter-ի իր պաշտոնական էջում: 


Հայազգի պատգամավորին զայրացրել են Էրդողանի` տրապիզոնյան հանրահավաքի ընթացքում արած մի շարք ռասիստական հայտարարությունները: 


Հիշեցնենք, որ Տրապիզոնում իր ելույթի ժամանակ Էրդողանը հեգնել էր կանանց:

«Հիշեք, թե ձեզ ինչ էի ասում: Մի օր չե՞նք մեռնելու: Բայց տղամարդու պես մեռնել կա, մեկ էլ մադամի պես մեռնել կա», - ասել էր Էրդողանը տրապիզոնցիներին:


Այստեղ Կարո Փայլանն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանն օգտագործում է հենց «մադամ» բառը, այսինքն՝ մատնանշում է ոչ թե մահմեդական, այլ հենց եվրոպացի կամ քրիստոնյա կանանց: 

Ավելին` Փայլանը, իր էջում կիսվելով Էրդողանի ելույթի տեսանյութով, նշել է, որ ուշադիր հետևելու դեպքում նատելի է, թե ինչպես է Էրդողանը գոհ ժպտում, երբ տրապիզոնցիները վանկարկում են «Հայի վիժվածքները մեզ չեն կարող վհատեցնել»: 


«Ժողովուրդը հայհոյում է հային: Բնավ չի միջամտում: Վաղը մեղադրանք եմ ներկայացնելու», - գրել է Փայլանը twitter-ի իր էջում: