Գործադիրի 6-ամսյա ծրագիրը ձևավորում է նախադրյալներ, որոնցից հաջորդ կառավարությունները կարող են օգտվել. Խ. Հարությունյան

19:52 • 19.10.16

«Հանրապետական» խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Կառավարության ներկայացրած ծրագրին: 

Նա նախ կառավարության ծրագրի առանձնահատկությունն այն համարեց, որ ֆորմալ առումով ծրագիրը պետք է իրականացվի 6 ամսվա ընթացքում, և այդ կարճաժամկետ գործողությունների պլանը պետք է բխի նախ և առաջ երկարաժամկետ հատվածում կառավարության ռազմավարության ծրագրից:

«Կառավարության գործունեության այս ծրագիրը շատ կոնկրետ է, շատ պրագմատիկ: Ամենակարևորն այն է, որ կառավարության գործունեության ծրագիրը ընդհանուր առմամբ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը երաշխավորող, բոլոր ոլորտներում համակարգային փոփոխությունների իրականացումն ապահովող ծրագիր է»,-ասաց նա և նշեց, որ վեցամսյա այս ծրագիրն այնպիսի նախադրյալներ է ձևավորում, որից հետո ինչպիսի կառավարություն էլ լինի, կարող է օգտվել այդ ամենից՝ հետագա դինամիկ զարգացումն ապահովելու համար:

«Այս 6 ամսվա ընթացքում ենթադրել, որ Կառավարությունը պետք է սարեր շուռ տա, երկնքից աստղներ բերի, բոլորս էլ հասկանում ենք, որ անհավանական է: Կարևորը ճիշտ խնդիրը ձևակերպելն է: Այս 6 ամսվա ընթացքում նոր Կառավարության նպատակը նախ և առաջ ինստիտուցիոնալ նախադրյալներ ստեղծելն է, և Կառավարությունը բավական հանդուգն, համարձակ և խիզախ լուծումեր է նախատեսում իր ծրագրում»,-ասաց նա:

Խոսրով Հարությունյանը նշեց, որ Կառավարության ծրագրի առաջին շեշտադրումն է՝ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը, ապակենտրոնացումը, որպեսզի որոշ խնդիրների լուծումները կառավարությունից տեղափոխվեն նախարարություններ, որ նրանք սեփական պատասխանատվությամբ որոշումներ կայացնեն:

Բացի այդ, նախկին վարչապետը նկատեց, որ Կառավարությունն անդրադառնում է տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների ավելացմանը միտված մարտավարությանը։ Նա նաև կարևորեց մարզպետարանների աշխատանքների գնահատման որակական ցուցանիշների մշակումը, տնտեսության ոլորտում ազատականացման պահանջները, տնտեսական ակտիվության խթանմանն ուղղված Կառավարության նոր մոտեցումները:

«Կառավարությունը շատ պրակտիկ խնդիրներ է դնում և ամենահիմնարար խնդիրների է անդրադառնում»,-ասաց նա:

Անդրադառնալով մասնավորապես առողջապահության ոլորտին, Խոսրով Հարությունյանն առանձնացրեց պետպատվերի ինստիտուտի արմատական վերանայումը:

«Այսօր բոլորս էլ հասկանում ենք, որ առողջապահության ոլորտում շատ անառողջ մթնոլորտ է ստեղծվել պետպատվերի ոչ ռացիոնալ օգտագործման առումով»,-ասաց նա: