Քուրդ զինյալները շարունակելու են սպանել Թուրքիայի իշխող կուսակցության անդամներին երկրի քրդաբնակ շրջաններում. ՔԱԿ-ի անդամ
«Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման գործադիր կոմիտեի անդամ Մուրադ Քարայըլանը հայտարարել է, որ ՔԱԿ-ի հարձակումների նոր թիրախ կդառնան Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորները և պետության կողմից երկրի քրդաբնակ շրջանների նահանգապետարաններ ուղարկված վերահսկիչ պաշտոնյաները: Այս մասին գրում է թուրքական diken.com.tr կայքը:
«Նահանգապետարաններ ուղարկված վերահսկիչների առաջին գործը քրդական մշակութային և կրթական հիմնարկները փակելը եղավ»,- նշել է Քարայըլանը:
ՔԱԿ-ի անդամը նաև հայտարարել է, որ շաբաթներ առաջ նրանց կողմից Վանում և Դիարբեքիրում սպանված իշխող կուսակցության շտաբերի պետերը «քրդական կոտորածներին մասնակցող մարդիկ էին»: 
«Նրանք քաղաքական գործիչ չեն: Նրանք քրդերի ցեղասպանությանը մասնակցողներ են: Քուրդ զինյալը չի ներելու նրանց»,- հայտարարել է Քարայըլանը՝ հավելելով, որ իրենց հարձակումները շարունակվելու են:
ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը, ով ներկայում ցմահ ազատազրկում է կրում թուրքական Իմրալը կղզու բանտում, սակայն շարունակում է համարվել կազմակերպության ղեկավարը։










