Նշանածի աշխատավարձը ստանալու գնացած ու դանակահարված 22-ամյա Լևոնի կյանքին վտանգ է սպառնում. բժիշկները հույս չեն տալիս
Երեկ երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված 22-ամյա Լևոն Սահակյանի կյանքին վտանգ է սպառնում, բժիշկները հույս չեն տալիս:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնից:
Լևոնը վնասվածքներ է ստացել սրտի ու թոքի շրջանում: «Երեկ երեկոյան 23.15-ին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է մեզ մոտ՝ թոքի և սրտի վնասվածքներով, վիրահատվել է, կատարվել է սրտի ու թոքի վնասվածքների կարում, սակայն 22-ամյա Լևոնի կյանքին վտանգ է սպառնում: Սրտի կծկողականությունը շատ թույլ է, ապարատային շնչառության տակ է, ծայրահեղ ծանր վիճակում է, կյանքին վտանգ է սպառնում»,- ասացին վերակենդանացման բաժնից:
Լևոնի բարեկամները Tert.am-ի հետ զրույցում պատմեցին, որ 22-ամյա Լևոնը, ով Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին է և Սևան քաղաքի բնակիչ, գնացել է Երևանի Թերլեմեզյան 3 հասցեում գտնվող «Պատանի լրագրողների» դպրոց, որպեսզի հասկանա, թե իր նշանածի ղեկավարը՝ Վահան Ղազարյանը ինչու չի վճարում խոստացած աշխատավարձը:
«Հարցմանն ի պատասխան աշխատավարձ չվճարած տնօրենը դանակահարել է 22-ամյա երիտասարդին՝ պատճառելով կյանքին սպառնացող վնասվածք»,- ասաց 22-ամյա Լևոնի նշանածի բարեկամներից մեկը:
Նշենք, որ ինչպես տեղեկացրել են քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալվել է։










