Օրերս Վանաձորում մահացած ծննդկանի բժիշկը եղել է նաև ծննդաբերությունից հետո արդեն 2,5 տարի կոմայի մեջ գտնվող կնոջ բժիշկը

19:54 • 21.10.16

Հոկտեմբերի 18-ին Վանաձորում 31-ամյա ծննդկան էր մահացել, ում հարազատները մեղադրում են բժիշկներին:

Tert.am-ի հետ զրույցում մահացած Հռիփսիմե Նազլուխանյանի հորաքրոջ աղջիկը՝ Ռիտա Մնացականյանն ասաց, որ Հռիփսիմե Նազլուխանյանի բժշկի՝ Դավիթ Շահվերդյանի մոտ այլ ծննդկաններ ևս առողջական լուրջ խնդիրներ են ունեցել, և ողբերգական դեպքեր են գրանցվել:

Բժշկի գործունեության մասին տեղեկություն ստանալու համար Tert.am-ը ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանին հարցրեց, թե արդյոք նախկինում նույն ՝ Դավիթ Շահվերդյան բժշկի մոտ ծննդկանների մահվան դեպքեր գրանցվել են, թե ոչ: Կարինե Սարիբեկյանը պատասխանեց. «Նման տեղեկատվություն մենք չունենք, դիմեք մարզպետարանին»:

Լոռու մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանն էլ Tert.am-ի հարցին, թե Դավիթ Շահվերդյանի հսկողության տակ գտնվող հիվանդների շրջանում նախկինում մահվան դեպքեր գրանցվե՞լ են, Սամվել Լամբարյանն ասաց, որ հոկտեմբերի 18-ին գրանցված մահվան դեպքի վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության ավարտից հետո նոր կպատասխանի բոլոր հարցերին:

Դատական տեղեկատվական համակարգում տեղադրված է մեկ ավարտված դատական գործ, որը հարուցված է եղել Հռիփսիմե Նազլուխանյանի բժշկի՝ Դավիթ Շահվերդյանի և նույն հիվանդանոցի մեկ այլ բժշկի՝ Ալվարդ Հայրապետյանի դեմ:

Ըստ դատական տեղեկատվական համակարգում տեղադրված վճռի՝ Լիլիթ Նալբանդյանի ամուսնու, երեխայի խնամակալ Արտակ Բարսեղյանի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը 18.04.2014 թվականին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի, Դավիթ Շահվերդյանի և Ալվարդ Հայրապետյանի` գումար բռնագանձելու պահանջով:

Բժիշկների դեմ քրեական հայցը դատարանը մերժել է, քաղաքացիական հայցը բավարարել է մասամբ: «Վանաձորի բժշկական կենտրոնից» հօգուտ Լիլիթ Նալբանդյանի խնամակալ Արտակ Բարսեղյանի բռնագանձվել է 6 մլն 133 հզր. ՀՀ դրամ, որից 5 մլն. 933 հզր ՀՀ դրամ` 10 ամիսների համար կրած վնասի գումար և 200 հզր. ՀՀ դրամ` փաստաբանի վարձատրության գումար։  

Հայցապահանջը` մնացած մասով մերժվել է:

Արայիկ Պապիկյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Լիլիթ Նալբանդյանն արդեն 2,5 տարի է՝ կոմայի մեջ է. «Ծննդկան Լիլիթ Նալբանդյանը 2014 թվականի մայիսի 18-ին իր առաջնեկին ծննդաբերելուց հետո հայտնվել է կոմայի մեջ և շարունակում է կոմայի մեջ մնալ 2.5 տարի: Վճարումները կատարում է Վանաձորի հիվանդանոցը՝ ամսական 600 հզր դրամ: Մեր քրեական հայցը մերժեցին, չնայած դաժան ճանապարհ անցանք, բայց ակնհայտ խախտումներով փորձաքննությունը հաստատվեց:

Ծննդաբերությունից անմիջապես հետո, երբ դեռ Լիլիթ Նալբանդյանը նարկոզից դուրս եկած չի եղել, նրան թողել, գնացել են առանց կոմայից դուրս բերելու: Հետո հետ են եկել և տեսել են, որ կոմայի մեջ է մնացել: 2014 մայիսի 18-ի գիշերվանից մինչև 2,5 տարի Լիլիթը շարունակում կոմայի մեջ մնալ: Այդ ընթացքում էլ նա մեկ անգամ թոքի վիրահատության է ենթարկվել»:

Բացի այդ, Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից նաև պարզեց, որ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն իր ներկայացուցիչ Արմեն Զաքարյանի միջոցով դիմել է դատարան՝ ընդդեմ Դավիթ Շահվերդյանի և Ալվարդ Հայրապետյանի` հետադարձ պահանջի իրավունքով գումարի բռնագանձման պահանջով:

Հետևաբար, Վանաձորի ԲԿ-ն ետ է պահանջում այն գումարները, որ վճարում է Լիլիթ Նալբանդյանի ամուսնուն: