ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահի նկատմամբ տեղի ունեցած հարձակումը
ԱՄՆ դեսպանատունը դատապարտում է Վանաձորի ավետարանական եկեղեցու հովիվ և Հայաստանի Ավետարանական Հավատքի Եկեղեցիների Միության նախագահ Ռաֆայել Գրիգորյանի նկատմամբ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած հարձակումը. այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է դեսպանատան ֆեյսբուքյան էջում:
«Դեսպանությունը ողջունում է Քննչական կոմիտեի կողմից սկսած արագ հետաքննությունը: Բռնության նման դեպքերն անընդունելի են՝ անկախ դրդապատճառներից: Ուրբաթ օրը դեսպանատան պաշտոնյաները հանդիպել են Ռաֆայել Գրիգորյանի հետ և կշարունակեն հետևել այս դեպքի զարգացումներին»,- նշված է ֆեյսբուքյան հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը, որը, ըստ մամուլի տեղեկությունների, հայտնի է որպես քրեական հեղինակություն, ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, որից հետո եկեղեցու առաջնորդը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:










