Դժվարամատչելի հետազոտությունները հասանելի կդառնան. առողջապահության նախարար
ՀՀ առողջապահության նախարարությունը ուղիներ է գտել ավելացնելու պետական պատվերի շրջանակում դժվարամատչելի և բարձր տեխնոլոգիական հետազոտությունների իրականացմանն ուղղվող գումարները։
Խնդիրն այն է, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար այդ գումարներն սպառվում էին։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարություն են դիմում պետական պատվերից օգտվող խմբերում ընդգրկված քաղաքացիներ, ովքեր համապատասխան ուղեգրերով չեն կարողանում որևէ բժշկական հաստատությունում ստանալ անհրաժեշտ ծառայությունը։ Ամենուր քաղաքացիներին հերթագրում են` տեղեկացնելով, որ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ ծրագրի 2016թ. ֆինանսավորումն ավարտվել է։
«Մենք հնարավորություն գտանք չծախսված և տնտեսված գումարների հաշվին փակել այս բացը և համալրել գումարները, որպեսզի մինչև տարեվերջ մեր քաղաքացիները կարողանան անհրաժեշտ հետազոտություններն անցնել»,-այսօր նման հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը։
Խնդրի լուծման նպատակով նախարարությունն ուսումնասիրել է բժշկական կազմակերպություններում ծրագրի շրջանակում մատուցվող ծառայությունների, առաջին հերթին` թանկարժեք մագնիսառեզոնանսային շերտագրման, համակարգչային տոմոգրաֆիական և այլ հետազոտությունների գործող գները։
Պետական պատվերի շրջանակում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների» գները սահմանվել են տարիներ առաջ և վերջին ժամանակաշրջանում չեն վերանայվել: Այս ընթացքում զգալի աճել է դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների թիվը, ինչը մրցակցության հետևանքով հանգեցրել է մատուցվող ծառայությունների գների նվազման:
Բժշկական կազմակերպություների ղեկավարների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող «դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ» բժշկական օգնության և սպասարկման մի շարք ծառայությունների գները համահունչ դարձնել ազատ շուկայական գնագոյացման արդյունքում ձևավորվող գներին, ինչը նշված շուկայում ազատ մրցակցության հնարավորություն կստեղծի, իսկ որ առավել կարևոր է` պետական բյուջեի սահմանափակ միջոցների հաշվին ավելի մեծ թվով շահառուներ կսպասարկվեն:
Լևոն Ալթունյանը դիմել է նաև բժիշկներին։ «Գումարների սպառման պատճառը ոչ միշտ է պայմանավորված դրանց սղությամբ։ Երևի 50-60 տոկոսով այն պայմանավորված է նրանով, որ նշանակված հետազոտությունները չեն համապատասխանում հիվանդի գանգատներին և վիճակին»,-նշել է նախարարը։ Արդեն իսկ մշակվել և ներդրվել են հետազոտությունների ուղեգրման չափորոշիչներ և արձանագրություններ, որոնցով բժիշկներն առաջնորդվելու են։ Տրված ուղեգրերի նկատմամբ կսահմանվի հսկողություն, շեղումների դեպքում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ։ Լևոն Ալթունյանը հորդորեց բժիշկներին ևս մասնակից դառնալ պետական պատվերի գումարների առավել արդյունավետ օգտագործմանը։ Նա նաև պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին։
Այժմ նախարարությունը նոր պայմանագրեր է կնքում նշված ծառայությունները մատուցող բժշկական կազմակերպությունների հետ։ Նախատեսվում է, որ ուղեգրեր ունեցող մեր քաղաքացիները մեկ շաբաթից հնարավորություն կունենան անցնելու անհրաժեշտ հետազոտությունները։ Այդ մասին լրացուցիչ կտեղեկացվի։










