Մենք հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի. ԵՄ հատուկ հանձնակատարը ԼՂ հիմնախնդրի մասին

20:49 • 21.10.16

 

 

Միակ բանը, որ ես` որպես Եվրամիության հատուկ հանձնակատար, պետք է հաշվի առնեմ` բոլոր կողմերի ներգրավվածությունն է, և ես աշխատում եմ այդ ուղղությամբ. լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու ԼՂ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը  Արցախում չէ ՝  ասաց ԵՄ հատուկ հանձնակատար Հերբերտ Զալբերը:

Ամփոփելով ԼՂ արտաքին գործերի նախարար հետ իր հանդիպման արդյունքները՝ նա ներկայացրեց. «Մենք քննարկել ենք ներքաղաքական դրությունը տարածաշրջանում: Քննարկում էինք առաջարկները, փոխանակվել ենք կարծիքներով»:

Tert.am-ի հարցին, թե ինչ վերաբերմունք ունի այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափանցման փորձի մասին՝ նա պատասխանեց. «Ես լսել եմ դրա մասին տարբեր աղբյուրներից: Ես պետք է  դեռ ունենամ ավելի շատ տեղեկատվություն: Այս պահին ես այն դիրքում չեմ, որ դա քննարկեմ»:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ պետք է արվի, որ  ԼՂ-ն  ներգրավվի մարդու իրավունքների և այլ միջազգային ծրագրերի իրականացման գործընթացներում. ԵՄ հանձնակատարը նշեց, որ այս պահին կան փոխադարձ շփումներ մարդկանց, հասարակական կազմակերպությունների մակարդակով, սակայն այդքանով  չեն սահմանափակվելու:

Հարցին, թե որոնք պետք է լինեն միջազգային կազմակերպությունների քայլերը, որ դադարեցվեն Ադրբեջանի պրովոկացիոն գործողությունները սահմանում, Հերբերտ Զալբերը պատասխանեց. «Մենք, ոչ միայն ԵՄ-ն, այլ մնացած միջազգային կառույցները ևս, հույս ունենք, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Եվ մենք  տեսնում ենք, որ ապրիլի սկզբին սահմանում սրացումից հետո, բարեբախտաբար, հրադադարի ռեժիմի պահպանվում է:  Մենք հույս ունենք, որ սահմանում կրակոցները կդադարեցվեն, և բոլորը կպահպանեն հրադադարի ռեժիմը, որովհետև դա կարևոր հանգամանք է խաղաղ գործընթաց ունենալու համար»: