«Պատանի լրագրողների» դպրոցը, ում տնօրենը մեղադրվում է սպանության մեջ, կփակվի

11:45 • 22.10.16

«Պատանի լրագրողների» դպրոցը փակվում է, սեփականատերը ձերբակալված է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց դպրոցի տնօրեն Բաղդասար Մհերյանը:

Հարցին, թե տեղյա՞կ է դպրոցում առկա խնդիրների մասին, եթե այդպիսիք կան, Բաղդասար Մհերյանն ասաց.«Ես դպրոցում դասավանդել եմ: Ես դպրոցի գործող տնօրենն էի, հիմա այլևս կապ չունեմ այդ դպրոցի հետ: Դպրոցը փակված է, դպրոցի սեփականատեր Վահան Ղազարյանն է: Ես այնտեղ ընդամենը աշխատում էի, իսկ քանի որ նա ձերբակալված է, դպրոցը կփակվի»:

Հարցին, թե դուք դպրոցի տնօրենը չեք սպանության դեպքի՞ց հետո, Բաղդասար Մհերյանը դրական պատասխան տվեց:

Մհերյանը նաև հավելեց, որ դպրոցում դասավանդելուց բացի որևէ այլ գործողության հետ ինքն առնչություն չի ունեցել.«Ինձ հրավիրել են այդ դպրոցում դաս տալու, ես գնացել դասավանդել եմ: Որևէ այլ գործի հետ ես կապ չունեմ»:

Հարցին, թե դպրոցի փակվելու դեպքում ի՞նչ է սպասվում երեխաներին և քանի պատանի է սովորում այս պահին «Պատանի լրագրողների» դպրոցում, Բաղդասար Մհերյանն ասաց, որ ինքը այդ գործընթացների հետ կապ չունի.«Ես կապ չունեմ,տնօրենը սիմվոլիկ հասկացություն է, ես պարզապես կոչվել եմ այդպես»:

Հիշեցնենք, որ հոկտեմբրի 20-ին «Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարվել էր 22-ամյա Լևոն Սահակյանը, ով երեկ ուշ երեկոյան մահացել էր «Արմենիա» բժշկական կենտրոնում:

Լևոն Սահակյանի նշանածը, ով մասնագիտությամբ լրագրող է, ապրիլից մինչև օգոստոսն ընկած ժամանակահատվածում դասավանդել է «Պատանի լրագրողների» դպրոցում: Իսկ վիճաբանությունը, Հերիքնազի խոսքով, եղել է աշխատավարձի շուրջ, որը տնօրենը ամիսներ շարունակ չէր վճարել:

Նշենք, որ ՀՀ քննչական կոմիտեից՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Վահան Ղազարյանը ձերբակալված է։

 

 

                                                                                                                                      

«Պատանի լրագրողների» դպրոցը, ում տնօրենը մեղադրվում է սպանության մեջ, կփակվի