Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանը Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն է
Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանը ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից, Ձկնկուլ մականունով հայտնի Արմեն Իսրայելյանն է:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Մոսկվայի ոստիկանական բաժանմունքներից մեկից: Մոսկվայից ստացած տվյալներով՝ Ձկնկուլի՝ Արմեն Իսրայելյանի և Մոսկվայում սպանված Արմեն Իսրայելյանի անձնական տվյալները՝ ծննդյան տարեթիվն ու այլ տեղեկությունները, նույնն են:
Նշենք, որ Արմեն Իսրայելյանը նախկինում հայտարարել էր, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրեն ունեզրկել է այն բանից հետո, երբ տեղեկացել էր, որ ինքը Սամվել Ալեքսանյանի ազգականի՝ խաղատներ այցելելու մասին տեղյակ է եղել և պատգամավորին չի հայտնել։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով:
ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է կամ մահապատիժը:
Ավելի ուշ Tert.am-ը Մոսկվայի ոստիկանության իր աղբյուրներից տեղեկացավ, որ հայազգի երկու քաղաքացիների` 43-ամյա Էդուարդ Նշանյանի ու 46-ամյա Արմեն Իսրայելյանի սպանության կասկածյալը հայ է՝ ոմն Սամվել, որը ՀՀ քաղաքացի է` 30-35 տարեկան, ում նկատմամբ հետախուզում է հայտարարվել:
Ոստիկանություն ահազանգը եղել է հոկտեմբերի 23-ին` սպանված Էդուարդ Նշանյանի քրոջից` Հասմիկ Նշանյանից:
Նախնական տվյալներով` Արմենն ու Էդուարդը սպանվել են 3-5 օր առաջ:
Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակից Ձկնկուլ մականվամբ հայտնի Արմեն Իսրայելյանը ժամանակին հարցազրույցներում չէր բացառել, որ իր հետ հնարավոր է մի բան պատահի:










