ԵՏՄ-ում միասնական արժույթ հաստատելու անհրաժեշտություն չենք տեսնում. Տատյանա Վալովայա
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթին անցում կատարելու վերաբերյալ քննարկումներ չեն տարվում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
Հարցին, թե կա քննարկում Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթին անցում կատարելու վերաբերյալ, Տատյանա Վալովայան բացասական պատասխան տվեց. «Ոչ, քննարկումներ չկան և երբեք էլ չեն եղել: Միասնական արժույթին անցում կատարելու թեմային մենք զգույշ ենք մոտեցել: Մենք չենք տեսնում անհրաժեշտություն ու կարիք՝ այս պահին միասնական տնտեսական արժույթին անցում կատարելու համար»:
Փոխարենը, ըստ ԵՏՀ նախարարի, իրենք անհրաժեշտ են համարում միության անդամ-պետությունների միջև խորացնել համագործակցությունը մակրոէկոնոմիկայի, ֆինանսների ոլորտներում, որպեսզի ազգային արժույթների տատանումները հասցվեն նվազագույնի, այդպիսով՝ վնաս չհասցնելով միասնական ֆինանսական համակարգին:
«Ընդհանուր առմամբ, մեր առջև դրված գլխավոր խնդիրը 2025 թ.-ին ֆինանսական միասնական համակարգ ձևավորելն է»,- նշեց Տատյանա Վալովայան:










