Տնտեսական համաներում անցկացնելու մասին օրինագիծը գործադիրի կողմից մերժվել է, հեղինակը՝ զարմացած է

16:21 • 27.10.16

ՀՀ կառավարությունն այսօր մերժել է պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած օրինագիծը՝ տնտեսական համաներում անցկացնելու վերաբերյալ: ԲՀԿ խմբակցության անդամն առաջարկում էր տնտեսական համաներում իրականացնել ու մարել բոլոր պարտապանների տույժ ու տուգանքները, եթե նրանք վճարեն մայր գումարը:

Tert.am-ի հետ զրույցում Միքայել Մելքումյանն ասաց, թե իր համար անհասկանալի է՝ ինչո՞ւ է գործադիր մարմինը մերժել առաջարկն՝ այն էլ պատճառաբանելով, թե չեն կարող հավանության արժանացնել տվյալ խմբագրմամբ:

«Չեն ասել, թե բովանդակությանը համաձայն չեն, ասել են, թե տվյալ խմբագրմամբ չեն կարող մերժել: Չգիտեմ՝ եթե ավելի ճկուն մեխանիզմ առաջարկեն... Տեսնենք: Խնդիրը հրատապ է, թող իրենք այլ խմբագրմամբ առաջարկեն»,- նշեց Մելքումյանը: Պատգամավորն ասաց, թե իրեն զարմացրել է մերժումը, որովհետև նույն բովանդակությամբ օրինագիծ ընդունվել էր 2011թ.-ին ու տնտեսական համաներում անցկացվել այդ ժամանակ:

Դիտարկմանը, թե գուցե տարբերվում էին կամ բացակայում էին մեխանիզմները, որով պետք է անցկացվեր տնտեսական համաներումը, Մելքումյանը չհամաձայնեց՝ ասելով, որ օրինագծում հստակ ներառված են մեխանիզմները: «Ովքեր ունեն մայր գումարներ, տույժ ու տուգանքներ չեն վճարել, ես առաջարկում էի կազմել ժամանակացույց, ու ազատել մարդկանց այդ գումարներից: Առաջարկվում էր համաներում հայտարարել երկու մոտեցմամբ՝ նրանք, ովքեր ունեն միայն տույժ ու տուգանքներ, ազատել դրանցից, իսկ ովքեր չեն վճարել մայր գումարը և ունեն նաև տույժ ու տուգանքները, ազատել՝ մայր գումարը վճարելու պարագայում»,- նշեց Մելքումյանը:

Պատգամավորն ասաց, որ տնտեսական համաներում անցկացնելու միջազգային պրակտիկա գոյություն ունի, որին համապատասխանում է հայաստանյան ներկայիս իրավիճակը: Ըստ նրա՝ մշակվող Հարկային օրենսգրքի ընդունումից առաջ պետք է ազատել մարդկանց տուգանքներից ու հավասար խաղի պայմաններ ստեղծել բոլորի համար:

«Տույժերի հաշվարկը մեզանում օրական 0,15 տոկոս է: ԵՏՄ շատ երկրներում 0,03 է կամ 0,04, բայց տարին լրանալուց հետո շարունակվում է, թեև մեզանում կանգնում է: Մենք փոխեցինք այս մոտեցումը Հարկային նոր օրենսգրքով: Հիմա առաջարկում ենք դաշտը մաքրել, մարդը մի քիչ շունչ քաշի: Տույժ ու տուգանքների մի մաս կա, որը անհուսալի է, հետ չի գալու, դրա համար այս տարբերակը կիրառելի կլինի ՀՕ ընդունումից առաջ»,- նշեց Միքայել Մելքումյանը: